Մեծ Բրիտանայի Մանչեստերի համալսարանը BBC-ի պատվերով աշխարհում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունների հետ կապված հետաքրքիր հետազոտություն է անցկացրել: Այդ հետազոտության համաձայն' սոցիալական ցանցերում ակտիվությունը բացահայտ կերպով ցույց է տալիս, թե որ երկրում տեղի կունենա հերթական ժողովրդավարական հեղափոխությունը:

 

Հեղափոխության թեկնածու երկիրը պարզելու համար համալսարանը որպես ցուցիչ ընդունել է համացանցում ակտիվության աստիճանը: Հեղափոխության ինդեքսը մշակվել է համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հիքսի կողմից, ում կողմից անցկացված առաջին իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարի Ուկրաինայում հեղափոխական փոփոխություններ են սպասվում:

 

Հեղափոխության ինդեքսի որոշումով պարզաբանվում է, թե ինչքանով է տվյալ երկրի դժգոհ զանգվածը վտանգավոր կառավարող վարչակարգերի համար: Ինդեքսի որոշման ժամանակ հաշվի են առնվում ոչ թե հասարակական բողոքի ակցիաները, այլ տվյալ երկրի վիրտուալ աշխարհում ակտիվությունը: Կանխատեսումներում միաժամանակ ուշադրություն է դարձվում նաեւ կառավարման համակարգերում համացանցի ազատության վրա դրված սահմանափակումներին:

 

«Հեղափոխական փոփոխությունների, քաղաքական հուզումների ցուցակում 2013թ.-ին գլխավորում էր Ուկրաինան: Նրան հետեւում են Արգենտինան, Վրաստանը, Ֆիլիպինները եւ Բրազիլիան: Ցուցակում լուրջ փոփոխությունների շեմին գտնվող երկրների շարքում են Քենիան, Նիգերիան եւ Ադրբեջանը: Ցուցակի վերջում նշվում են Իրանը, Կուբան եւ Չինաստանը: Պատահական չէ, որ այդ ինդեքսը պատրաստվել է «արաբական գարունից» հետո: Փորձագետներն ընդգծում են, որ արաբական աշխարհում փոփոխություններ սկսվել են հենց «Facebook» եւ այլ սոցիալական ցանցերում ակտիվությունից», - հայտնում է BBC-ին: