Հալեպի Նոր Գյուղ հայկական թաղամասը մարտի 8-ի առավոտյան ցնցվել է մի քանի ուժգին պայթյուններից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հալեպի իրենց աղբյուրը՝ ավելացնելով, որ, բարեբախտաբար, զոհեր չկան, սակայն մեծ նյութական վնասներ են կրել շրջակայքում գտնվող շենքերը, մեքենաները, խանութները:

 

Պայթյուններից առաջինը որոտացել է ՄԱՐԱԲՕ շենքի դիմաց, երկրորդ և երրորդ հրթիռներն ընկել են Նոր Գյուղի գլխավոր փողոցում, իսկ չորրորդն ընկել է Նոր Գյուղի Քարեն Եփփե ազգային ճեմարանի դիմացի մայթին: Հատկանշական է, որ բոլոր 4 հրթիռները ընկել են մեկ ժամվա ընթացքում:

 

Նոր Գյուղի գլխավոր փողոցում հրթիռի պայթյունից սիրիական բանակի զինվորներ են վիրավորվել: Իսկ Քարեն Եփփե ազգային ճեմարանի մոտ ընկած հրթիռը միայն նյութական վնասներ է պատճառել:

 

Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում ՄԱԿ-ի տվյալներով զոհերի թիվը գերազանցում է 120 հազարը, այդ թվում զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: