Ռուսաստանի Դաշնության տնտեսության ցանկացած թուլացում Հայաստանի համար լավ չէ: Այդ մասին մարտի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա:

 

Նա ասաց, որ ցանկացած դեպքում, երբ պատժամիջոցներն ազդում են Հայաստանի գործընկեր ե րկրների տնտեսությունների վրա, դա անդրադառնում է նաև Հայաստանի վրա: «Ռուսաստանի տնտեսությունը մեզ համար կարևորագույն տնտեսություն է, և բազմաթիվ կապերով ենք մենք կապված: Ռուսաստանի տնտեսության ցանկացած թուլացում, իհարկե Հայաստանի Հանրապետության համար լավ չէ»,-նշեց Ավանեսյանը:

 

Էկոնոմիկայի նախարարը չի կարծում, որ Ռուսաստանի տնտեսության վիճակը կարող է պատճառ դառնալ վերանայելու Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը: «Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, այն, ինչ կատարվում է, չեմ կարծում, որ դրա համար որևէ առիթ է տալիս»,- նշեց Ավանեսյանը:

 

Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին սրվել են Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները: Արևմուտքը խոսում է ՌԴ-ի վրա տարատեսակ պատժամիջոցներ կիրառելու մասին: