ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց այն ազդակները, որոնք Դուբլինում տեղի ունեցած ԵԺԿ լիագումար նստաշրջանի ընթացքում ԵԺԿ-ին և միջազգային հանրությանը հղել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին Շարմազանովը հիշեցրեց, որ օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ, որպես Հանր ապետական կուսակցության առաջնորդ, ելույթով հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հստակ ազդակներ հղելով թե՛ ԵԺԿ-ին, եւ թե՛ միջազգային հանրությանը:

 

«Ազդակ առաջին. Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձեւավորմանը եւ շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը:

 

Երկրորդ, Եվրոպական միության Մաքսային միության անդամ Թուրքիան շարունակում է ապօրինի շրջափակման մեջ պահել Հայաստանը' իրականացնելով ժխտողականության քաղաքականություն եւ անտեսելով հայրենազրկված հայ ժողովրդի պահանջը»,- նշեց Շարմազանովը:

 

Երրորդ ազդակն այն է, որ Եվրոպան այլեւս չպետք է լռի, երբ ականատես է լինում անարդարության, իսկ չլռելու մի ձեւ կա' հիշել, դատապարտել եւ պահանջել:

 

Չորրորդ. Եվրոպայի խորհրդի անդամ-պետություն Ադրբեջանը շարունակում է ֆաշիզմի եւ հայատյացության քաղաքականությունը, որը չի կարող ընդունելի լինել եվրոպական արժեհամակարգի համար»:

 

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հղած հինգերորդ ազդակն այն է եղել, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական երկխոսությունն իր եվրոպացի գործընկերների հետ: