Հայ գրականության մեջ իր ուրույն հետքը թողած բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակը Երևանում կնշվի նրան նվիրված գրական-գեղարվեստական միջոցառումների շարքով: Մարտի 13-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կբացվի «Կոմիտաս և Չարենց» խորագրով ցուցահանդեսը. առաջին անգամ կցուցադրվեն Կոմիտասի թաշկինակը (1913թ.) և այլ մասունքներ: Ցուցահանդեսը կուղեկցվի համերգով, կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները: Մարտի 13-ին կկայանա նաև Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանության շնորհանդեսը:

 

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում' բազմազավակ հայի ընտանիքում:1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն' արդեն ձեւավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով:1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն: Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հայնեի, Հյուգոյի, Ուիթմենի, Վերհառնի, Ռիլկեի, Պուշկինի, Նեկրասովի, Լերմոնտովի, Գորկու, Մայակովսկու, Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր: 1935թ-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում, գերեզմանի տեղն անհայտ է: Արդարացվել է հետմահու:

 

Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը, նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

 

Միջոցառումների շարքը կազմակերպել են Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Հայաստանի գրողների միությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունը:

 

Չարենցի ծննդյան օրը միավորել է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերին, ովքեր գովասանքի խոսքեր են հեղեղում բանաստեղծի թողած գրական ժառանգության հասցեին: