Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հաստատել է արդի իսլամի գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենի կողմից հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատությունները, մասնավոր դպրոցներն ու դասընթացները (գյուլենական դպրոցներ) երկրում փակելու մասին օրենքը: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Մարտի 1-ին Թուրքիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել գյուլենական դպրոցներն ու դասընթացները փակելու մասին օրենքի նախագիծը: Մասնավոր նախապատրաստական դասընթացները Թուրքիայում կփակվեն 2013 թ. սեպտեմբերի 1-ից: 1990-ականներից գործող գյուլենական դպրոցները փակելու նախաձեռնությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆեթուլլահ Գյուլենի եւ իր միջեւ անցյալ դեկտեմբերի կեսերին սկսված հակասությունների պատճառով: Էրդողանը մասնավոր դասընթացները փակելու մասին իր որոշումը բացատրել է նրանով, որ երկրում, որտեղ կրթության ոլորտի պետական աջակցություն է ցուցաբերվում, պետք է մասնավոր ուսումնական հաստատություններ չլինեն:

 

Թուրքիայի կրթության նախարարության տվյալներով, անցյալ տարի այդ երկրում գործել է 3640 մասնավոր ուսումնական հասատություն: Թուրքիայում պետական կրթական հաստատությունների ընդհանուր թիվը 60165 է:

 

Ստամբուլի ոստիկանության կողմից Salam ահաբեկչական կազմակերպության դեմ անցյալ դեկտեմբերին անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակում լսվել են թե իշխող, թե ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Էրդողանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված մոտ 7 հազար մարդկանց հեռախոսային խոսակցություններ, որոնցում բացահայտվել են նրանց ապօրինի եւ կոռուպցիոն գործողությունները: Դրանից հետո Էրդողանը Գյուլենին մեղադրել է այն բանում, որ հենց նրա գլխավորած շարժման ներկայացուցիչներն են կանգնած այդ լսումների հետեւում: Էրդող անը «Գյուլենի շարժումը» անվանել էր «զուգահեռ կառույց» եւ հայտարարել, որ իր գործունեությամբ այն հանդիսանում է ոչ թե կրոնական հոսանք, այլ քաղաքականացված եւ ապօրինի կառուցվածք:

 

Արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող Ֆեթուլլահ Գյուլենը «Հիզմեթ» կրոնա-հասարակական խոշոր շարժման առաջնորդն է: Նրա կողմից ղեկավարվող «Գյուլենի համայնքը» Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: