26-ամյա Արմեն Մարտիրոսյանին և 29-ամյա Գեղամ Մանուկյանին մմեղադրանք էր առաջադրվել այն մանի համար, թե իբր վերջիններս 2012թ-ի հոկտեմբերին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի հարակից անտառում տարբեր մեքենաների մեջ, իբր բռնություն գործադրելու սպառնալիքով, սեռական հարաբերություն են ունեցել համագյուղացի անչափահաս Հասմիկ Համբարձումյանի հետ:

 


Պարզվում է' նրանց ծանոթությունը սկիզբ է առել համացանցից: Ամբաստանյալ Արմեն Մարտիրոսյանը 2012թ-ի սեպտեմբերին համացանցի միջոցով ծանոթացել է տուժող Հասմիկ Համբարձումյանի հետ, ով այդ ժամանակ դեռևս դպրոցական է եղել: Որոշակի շփումներից հետո նրանք որոշել են հանդիպել: 2012թ-ի հոկտեմբեր ամսին, կեսգիշերից հետո հանդիպել են աղջկա տատի տան մոտ, այնուհետև սկսել են հաճախակի հանդիպել, շփվել են նաև հեռախոսով և մտերմացել: Երիտասարդները նույնիսկ ամուսնանալու մտադրություն են ունեցել, սակայն որոշել են սպասել, մինչև Հասմիկն ավարտի դպրոցը: Այդ ընթացքում ՌԴ-ից Հաղարծին է վերադարձել Արմենի ընկերը' գործով մյուս ամբաստանյալ Գեղամ Մանուկյանը, ով Արմենի միջոցով ծանոթացել է Հասմիկի հետ, ում ևս մեղադրանք էր առաջադրվել Հասմիկին իբր բռնաբարելու համար, սակայն դատարանում պարզվել է, որ նրանց միջև որևէ հարաբերություն չի եղել:

 


Այսպիսով, դատաքննության ընթացքում ուսումնասիրված ապացույցներով հերքվել է ամբաստանյալների հանցավոր արարքը: Մեղադրողը տեսնելով հանցանքը հերքող բազմաթիվ ապացույցները, որոշել է հենց դատարանում հրաժարվել իր մեղադրանքից: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ' դատավոր Զ. Զաքինյանի), վերլուծելով դատաքննությամբ ձեռք բերված ապացույցները և հիմք ընդունելով մեղադրանքից հրաժարվելու մասին մեղադրողի դիրքորոշումը, արդարացրել է Տավուշի մարզի բնակիչներ Արմեն Մարտիրոսյանին և Գեղամ Մանուկյանին:
Դատարանում պարզվել է, որ Անչափահաս աղջիկը խաբել է ծնողներին և սուտ մեղադրանք ներկայացրել ոստիկանությունում.

 


Հետագայում, հանդիպումներից մեկի ընթացքում Արմենն ու Հասմիկը սեռական հարաբերություն են ունեցել, որից հետո նրանց մտերմությունը որոշակիորեն սառել է: Վախենալով ստեղծված իրավիճակից և վստահ չլինելով, որ Արմենն այդուհետ կամուսնանա իր հետ' Հասմիկն իր ընտանիքի անդամներին պատմել է իր և երիտասարդի միջև կատարվածի մասին: Նա իրեն արդարացնելու համար ասել է, թե իբր Արմենը դանակի գործադրմամբ է տիրացել իրեն և զրկել կուսությունից: Աղջիկը ծնողներին պատմել է նաև, թե որոշ ժամանակ անց, կրկին դանակի սպառնալիքով, պարտադրված սեռական հարաբերություն է ունեցել նաև Արմենի ընկերոջ' Գեղամի հետ:

 


Հասմիկի ծնողների պահանջով իրենք և Արմենի ծնողները հանդիպել են' իրենց երեխաների հետագա համատեղ կյանքի մասին պայմանավորվելու նպատակով, սակայն համաձայնության չեն եկել: Աղջկա ծնողներն էլ որոշել են այդ մասին հաղորդում տալ ոստիկանությունում:
Ոստիկանությունում տրված հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, և ամբաստանյալներ Արմեն Մարտիրոսյանին ու Գեղամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

 


Դատաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հերքվել է հանցագործության դեպքը, որի պատճառով մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից' հայտարարելով քրեական հետապնդումը դադարեցնելու իր դիրքորոշման մասին: