Քիչ առաջ մեկնարկեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Արմենպրես»-ի թղթակիցը տեղակատվություն կհաղորդի նիստի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ, հիմնադրվել է 1990թ.) հայաստանյան քաղաքական դաշտում գործող եզակի կազմակերպություններից է, որն ունի տասնամյակների գաղափարական եւ քաղաքական արմատներ: ՀՀԿ-ն որպես իր գաղափարախոսության հիմք՝ ընդունել է Գարեգին Նժդեհի ուսմունքը, իսկ 1967-1987թթ. ընդհատակում գործած Ազգային Միացյալ կուսակցության մի շարք ակտիվ անդամներ առ այսօր էլ շարունակում են իրենց ուրույն գործունեությունը ՀՀԿ շարքերում եւ ղեկավար կազմում: ՀՀԿ-ն գաղափարական-քաղաքական ժառանգորդն է «Ցեղակրոն Ուխտերի» եւ «Ազգային Միացյալ կուսակցության», որոնք հայության համար ճակատագրական օրերին Սփյուռքում եւ Հայրենիքում հանդիսացան հայրենատիրության եւ անկախության գաղափարների ջահակիրները: ՀՀԿ ծնունդն օրգանապես կապված է 1988թ. ազգային զարթոնքի, անկախության համար մղվող պայքարի եւ Արցախյան ազատամարտի հետ: Ազատամարտի սկզբում կազմավորված «Անկախության Բանակ» ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ հիմնադրման եւ ձեւավորման համար: Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմինը կուսակցության Գործադիր մարմինն է, որն ընտրվում է կուսակցության համագումարում' երկու տարի ժամկետով:

 

Կուսակցության գործադիր մարմնի նիստերը հրավիրվում են ոչ պակաս, քան ամիսը մեկ անգամ: Կուսակցության նախագահի կամ գործադիր մարմնի անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ կարող է հրավիրել արտահերթ նիստ: Նիստն օրինական է, եթե ներկա է գործադիր մարմնի անդամների առնվազն 2/3-ը: