Վենեսուելայում ընդդիմությունը հինգ պայման Է ներկայացրել կառվարության հետ երկխոսություն սկսելու համար: Այս մասին ասված Է Ժողովրդավարական միասնության դաշինքի հայտարարության մեջ:

 

Փաստաթղթի համաձայն՝ իշխանություններն ամենից առաջ պետք Է ազատ արձակեն «Ժողովրդական կամք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Լեոպոլդ Լոպեսին, ինչպես նաեւ բաց թողնեն «բոլոր քաղաքական բանտարկյալներին, որոնք տուժել են այլախոհության համար»:

 

Որպես երկրորդ պայման հայտարարության մեջ նշված Է այն բոլոր հանցագործությունների «անկախ հետաքննություն» անցկացնելը, որոնք կատարվել են զանգվածային ցույցերի ժամանակ:

 

Ժողովրդավարական միասնության դաշինքում երկխոսության տանող եւս մեկ քայլ են համարում «սովի, հերթերի եւ ապրանքների պակասի» վերացումը:

 

Ինչպես նշում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Նիկոլաս Մադուրոյի կառավարությանն առաջադրված վերջին պայմանը ներառում Է «ուղղակի երկխոսությունը՝ հստակ օրակարգով»: Բացի դրանից, ընդդիմությունն առաջարկում Է երկրում ստեղծված իրադրության կարգավորման համար ընդգրկել միջազգային միջնորդների:

 

Մարտի 13-ին երկրի գլխավոր դատախազ Լուիսա Օրտեգան հաղորդել Է, որ փետրվարի 12-ից ի վեր Վենեսուելայում շարունակվող զանգվածային անկարգությունների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 28-ի, եւս 365 մարդ տուժել Է: