Նոր Արեշի վարձակալած տանը նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ողբերգության հետեւանքով մահացած, ազգությամբ հնդիկ Դենիշ Բաբուի ընկերոջ՝ Պանկաջ Սանգին, որը Դենիշի միակ ծանոթն էր Հայաստանում, ընդամենը երկու օր առաջ են կանչել հարցաքննության: Այս մասին NEWS.am-ին ասաց Պանկաջ Սանգը:

 

«Մարտի 13-ին ինձ Էրեբունիի ոստիկանությունից կանչել են հարցաքննության, որը տեւել է ավելի քան 4 ժամ, իսկ իրականում ինձ պետք է կանչեին հենց դեպքի հաջորդ օրը, որովհետեւ Դենիշի հեռախոսում իմ համարը կար, բացի դրանից ինքը էստեղ մենակ ինձ է զանգել ու մեկ էլ Աստղիկին»,- ասաց նա:

 

Պանկաջը քննիչին պատմել է Դենիշ Բաբուի եւ Աստղիկ Աղաջանյանի հարաբերությունների մասին:

 

«Գալուց օրեր անց ես ու Դենիշը միասին գնացել ենք Աստղիկի մամայի հետ ծանոթանալու: Ես որպես թարգմանիչ եմ գնացել ու քննիչին էլ բառացի գրել եմ, թե Աստղիկի մաման մեզ ինչ ասաց. «Հայը հնդիկի հետ պիտի չամուսնանա, ես դեմ եմ նրանց հարաբերություններին»: Ես էլ բարկացա՝ ասելով, թե ինչ կապ ունի ազգությունը, մարդը մարդ է մնում, բայց Աստղիկի մաման ինձ չլսեց ու թողեց գնաց»,- նշեց Դենիշի ընկերը:

 

Այնուհետեւ, Դենիշը, Աստղիկն ու Պանկաջը երկար զրուցել են՝ որոշելով սպասել՝ մինչեւ Աստղիկի հարազատները տան իրենց համաձայնությունը: Պանկաջի պատմելով՝ ողբերգական դեպքը տեղի է ունեցել այս հանդիպումից ուղիղ երկու շաբաթ անց:

 

«Ոստիկանությունում էլ ինձ հարցրին, թե Դենիշին ով է Հայաստան հրավիրել, ասել եմ, որը Հայաստան կարելի է գալ ընդամենը երկու ճանապարհով՝ կամ որպես ուսանող, կամ հրավերով: Բնական է, որ Դենիշը ուսանողի կարգավիճակով չի եկել: Համոզված եմ, որ նրան հրավիրելու առաջարկ ուղարկել է հենց Աստղիկը, որովհետեւ սիրում էր Դենիշին»,- պատմեց Պանկաջը՝ ավելացնելով, որ մեկ տարի առաջ էլ էր Դենիշը Հայաստան եկել:

 

Պանկաջը մեզ հետ զրույցում պատմեց նաեւ, որ Դենիշի եւ Աստղիկի հարազատները համատեղ բիզնես են ունեցել. Հնդկաստանից հագուստ են ներկրել Հայաստան եւ վաճառել:

 

Մանրամասները՝ աղբյուր կայքում: