Քանի դեռ հայտնի չէ, թե Ադրբեջան գերեվարված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը որևէ պահանջ ունի, թե՝ ոչ, նրա ծնողները կարող են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, իրավապաշտպան Արա Ղազարյանը՝ պարզաբանելով, որ հոդվածը ներառում է զավակի և ծնողի վերամիավորվելու իրավունքը և Կոնվենցիային միացած պետությունների մոտ նման դեպքերում, ըստ Ա.Ղազարյանի, պոզիտիվ պարտականություն է ծնվում մինչև անձին երրորդ երկիր տեղափոխելը ապահովել առնվազն գոնե մեկ ուղիղ կապ ծնողների ու որդու միջև:
«Կարծում եմ' այս հիմքով կարելի է դիմել Եվրոպական դատարան՝ ակնկալելով իրավական դիրքորոշում»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը:
Ա.Ղազարյանն ընդգծեց, որ նախադեպեր այս առումով չկան, բայց կան անալոգիայով նախադեպեր, ուստի' պետք է փորձ արվի, «պետք չէ մնալ միայն Կարմիր Խաչի կամ պետական իրավասու մարմինների հույսին», հանրային ոլորտում գտնվող մեխանիզմներն օգտագործելու հետ մեկտեղ կարելի է գործի դնել նաև անհատական իրավունքի մեխանիզմը: Ուստի՝ Ա.Ղազարյանը խորհուրդ է տալիս Ինջիղուլյանի ծնողներին դիմել Եվրոպական դատարան:
«Գուցե դրանից ծնվի նախադեպ մեկ այլ դեպքերի համար, իսկ այն, որ այդ դեպքերը սրանով չեն ավարտվելու, նման նոր դեպքեր կլինեն, ես դրանում կասկած չունեմ, որովհետև չեմ տեսնում, որ Ադրբեջանի կառավարությունն իր քաղաքականությունը հայերի, ընդգծում եմ՝ հայերի, ոչ թե Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխում է: Քսենոֆոբիան գնալով ավելի է ուժեղանում Ադրբեջանում»,- ասաց Ա.Ղազարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հայատյացության քարոզչության ծրագրված քաղաքականությանը պետք է վերջ դրվի:
Իսկ դա կարող է արվել ոչ միայն քաղաքական գործընթացով, այլ նաև՝ նման անհատական դիմումներով:
Ա.Ղազարյանը կարևորեց միջպետական գանգատի մեխանիզմը, որի համար անհրաժեշտ է, որպեսզի հայատյացության հարյուրավոր գործերը՝ զուտ հայ լինելու հիմքով անձին արգելված վերաբերմունքի, կամ այլ իրավունքները խախտելու վերաբերյալ, հավաքվեն և ներկայացվեն ՄԻԵԴ: Դրա համար մեծ աշխատանք պետք է տարվի,էթնիկ հիմքով խտրականության արգելքի իրավունքի խախտման բազմաթիվ նման գործեր պետք է ուսումնասիրվեն, պետք է կազմվի վիճակագրություն՝ խտրականության գործերով շատ կարևոր տեղ ունի վիճակագրությունը:
«Խտրականության գործերն այն գործերն են, որի շրջանակում ոչ ոք իր կամքով ապացույցը չի դնում քո սեղանին, դրանք թաքնված են մի քանի շերտերի հետևում և շատ դեպքերում ապացույցները հասանելի չեն: Եվրոպական դատարանը դա շատ լավ գիտի, դրա համար ապացույցի կանոնը խտրականության գործերով բոլորովին այլ է՝ փաստերի առատությունից մտահանգումներ կատարելը Եվրոդատարանի համար արդեն բավարար ձևավորված ապացույց կարող է հանդիսան,ալ և դրա հիման վրա գործը կարող է հասնել «հիմնավոր գործ» հասկացության շեմին»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը՝ նշելով, որ եթե դա տեղի ունենա, ապա ապացուցման բեռն աստիճանաբար անցնում է յուս կողմի, այսինքն՝ Ադրբեջանի վրա:
«Հասունացել է այն պահը, որ պետք է արդեն միջպետական գանգատ ներկայացնել դատարան և դա կողջունվի՝ կոլեկտիվ փաստաթուղթը ու դրա կիրառումը կոլեկտիվ եղանակով ողջունվում է եվրոպական ինստիտուտների կողմից»:
Ա.Ղազարյանը նշեց, որ մինչև այժմ Հայաստանի կողմից միջպետական գանգատ չի ներկայացվել, ընդհանրապես այդ կարգի գանգատները քիչ են: Ամենավերջին գանգատը, որ ներկայացվել է ՄԻԵԴ Ռուսաստանի կողմից ընդդեմ Վրաստանի և վերջինիս կողմից ընդդեմ Ռուսաստանի՝ կապված է 2008թ. դեպքերի հետ՝ հնգօրյա պատերազմը և դրանից բխող մարդու իրավունքների լայնածավալ խախտումները՝ խոշտանգումներ, տեղահանումներ, տեղաշարժի ազատության սահմանափակում, կյանքի իրավունք և այլն: Դրանք ընթացքի մեջ են:
Հիշեցնենք, որ նախնական տեղեկությունների համաձայն, 2013թ. oգոստոսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 3:00-ի սահմաններումն՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը՝ հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել էր հակառակորդի պահպանության տակ գտնվող արածքում: