Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցները Օդեսայում ձերբակալել են «Երիտասարդական միասնություն» ռուսամետ շարժման ղեկավար, Ղրիմի հանրաքվեի պաշտպանության հանրահավաքների եւ կիեւյան «Մայդանի» հակառակորդների ակցիայի կազմակերպիչ Անտոն Դավիդչենկոյին: Այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով հատուկ ծառայության մի աշխատակցի, որի անունը չի հայտնվում:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության մարզային վարչության շենքի առջեւ հավաքվել են Դավիդչենկոյի տասնյակ կողմնակիցներ, որոնք պահանջել են ազատ արձակել ձերբակալվածին եւ հայտարարել են բողոքի անժամկետ ակցիա: Բողոքավորները գոչում են «Օդեսան ռուսական քաղաք Է», «Խայտառակություն» եւ այլ կարգախոսներ:
Ըստ որոշ տվյալների՝ Դավիդչենկոն ձերբակալվել Է սիստեմատիկ կերպով քննիչին չներկայանալու համար: Այս տեղեկատվության պաշտոնական հավաստում չի ստացվել: Ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Դավիդչենկոյի փաստաբանին, որը ելույթ Է ունեցել հանրահավաքի մասնակիցների առջեւ, ձերբակալումից հետո նրան տարել են Կիեւ: