Երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանի «Մարաթոն» ֆիլմը կարող է ընդգրկվել լեհական հեղինակավոր Կրակովի կինոփառատոնի (Krakowski Festiwal Filmowy) մրցութային ծրագրում: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը' ռեժիսորը: Կինոփառատոնի պաշտոնական կայքում տեղադրվել են մի շարք ֆիլմերի, այդ թվում նաև' «Մարաթոնի» թրեյլերները: Ամենաշատ ինտերնետային հավանություններ ստացած կինոնկարը կընդգրկվի փառատոնի մրցութային ծրագրում: Շատյանի ֆիլմին ձայն տալու համար հնարավոր է այցելել հղումով և սեղմել I vote for this trailer կոճակին:
«Ներկա պահին մրցույթին մասնակցում է 360 թրեյլեր: Եթե ֆիլմն ամենաշատ ձայները հավաքի' ավտոմատ անցնում է փառատոնի մրցութային ծրագիր, եթե ոչ' մնում է, որ ֆիլմերն ընտրող հանձնաժողովը որոշի մասնակցին: Եթե մերոնք օգնեն, ապա կհավաքենք անհրաժեշտ ձայները և կհաղթենք: Այս պահին մենք 10-րդ հորիզոնականում ենք: Քվեարկությունը կտևի մինչև ապրիլի 10-ը»,- նշեց Հարություն Շատյանը:
Ռեժիսորի հավաստմամբ' այժմ ըստ քվեարկության առաջին տեղերում լեհական ֆիլմերն են: Փառատոնը կանցկացվի մայիսի վերջին:
«Նախորդ տարի նոյեմբերին «Մարաթոնը» մասնակցել է Սերբիայի Videomedia փառատոնին: Բացի Կրակովի փառատոնից, կինոնկարն ապրիլի 3-7-ը կմասնակցի նաև Բուխարեստի Next Film փառատոնին: Այնուհետև աշնանը կներկայացվի այլ փառատոնների»,-ընդգծեց Հարություն Շատյանը:
2011 թվականին երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանի դիպլոմային աշխատանքը՝ «Բեռնելով կյանքս» ֆիլմը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում արժանացավ միանգամից երեք մրցանակի: 2013-ին Շատյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին մասնակցեց արդեն «Մարաթոն» ֆիլմով: Ֆիլմը նկարահանված է «1 կադր» սկզբունքով՝ չունի մոնտաժային կցումներ:
Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Դավիթը, երիտասարդ և արդեն կայացած մարզիկ է, որի համար վազքն ավելին է, քան կյանքը: Նրան՝ դեռևս նոր ծնված մանկանը, երկու օրվա կյանք էլ չէին խոստանում, բայց ճակատագիրն այլ կերպ որոշեց: Այդ օրվանից Դավիթը չի հավատում բժիշկներին: Հիմա՝ 20 տարեկանում, նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որոնց դեպքում վազքով զբաղվելը նույնն է, ինչ ինքնասպանություն գործելը: Դավիթը գիտակցում է դա, բայց չի կարող ինքն իր դեմ գնալ: Որոշումը կայացված է. նա շարունակելու է վազել կա′մ ի հեճուկս մահվան, կա′մ մինչև մահ:
«Մարաթոն» ֆիլմի պրոդյուսերն է Գրիգոր Հայրապետյանը: