Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ «Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ինչու պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: ANS PRESS լրատվական գործակալության հաղորդմամբ' այս մասին Մորնինգսթարը հայտարարել է այսօր Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը քայլեր ձեռնարկեն Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման համար' այդ կերպ վերացնելով տարածաշրջանում անկայունությունը: Ոչ մեկին պետք չէ, որ այդ հակամարտությունը շարունակվի»,- ասել է նա:
Մեկնաբանելով Ուկրաինայի իրադրությունը' Մորնինգսթարը հղում է կատարել Ղրիմում իրավիճակի հետ կապված ԱՄՆ-ի նախագահի և պետքարտուղարի հայտարարություններին: «Այն, ինչ այնտեղ կատարվում է, շատ վատ է, և մենք համապատասխան միջոցներ ենք ձեռնարկում»,- հայտարարել է նա: