Անգլերենի մասնագետները, կրթական հաստատությունների ղեկավարները, դասախոսները և ուսուցիչները Բրիտանական խորհրդի «Համագործակցություն հանուն հաջողության» համաժողովի ընթացքում քննարկեցին Հայաստանում IELTS (International English Language Testing System - Անգլերենի քննության միջազգային համակարգ) ծրագրով ուսուցման և նախապատրաստման գործընթացը: Մարտի 22-ին անցկացված համաժողովին մասնակցեցին ավելի քան 200 մասնագետներ, ովքեր իրենց փորձը փոխանցեցին գործընկերներին և ծանոթացան բրիտանացի գործընկերների փորձին:
«IELTS-ն այս տարի նշում է իր հիմնադրման 25-ամյակը և սա հրաշալի թեստ է, որը հնարավորություն է տալիս, որպեսզի ուսանողները կարողանան ընդունվել ոչ միայն Միացյալ Թագավորության համալսարաններ, այլև ամբողջ աշխարհի կրթօջախներ: Թեստն ապացուցել է իր գործունակությունն ու արդյունավետությունը: Տարեկան կտրվածքով ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ հանձնում են IELTS քննություն: Հայաստանում IELTS-ն ամեն տարի հանձնում է շուրջ հազար մարդ, ինչը նշանակում է, որ թեստն ուշադրություն է գրավել»,- նշեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ընդգծեց, որ IELTS-ի 25-ամյակին ընդառաջ ամենուր անցկացվում են նմանատիպ միջոցառումներ: «Հայաստանում մենք ևս որոշել ենք նշել այն և ներկայացնել մեկ այլ նորարարարական մոտեցում' ներդնել IELTS-ի առցանց դասավանդում: Հայաստանում IELTS-ը բավականին ճանաչված է, և կան նաև համալսարաններ, որոնց հետ Բրիտանական խորհուրդը սերտորեն համագործակցում է: Հույս ունենք, որ ծրագիրն օգտակար կլինի համալսարանների և, հատկապես, այն հաստատությունների համար, որոնք ընդունում են IELTS-ի քննությունը և դասավա նդում են ըստ դրա»,- նշեց Արևիկ Սարիբեկյանը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը հավելեց, որ ուսանողները կարող են գրանցվել առցանց համակարգում, ուսումնասիրել թեստը, ստուգել իրենց գիտելիքները և գնահատականները: «Ուսուցչի ներդրումն անհրաժեշտ չէ, սակայն նա կարող է մտնել համակարգ և նայել, թե իր ուսանողներն ինչ հաջողություններ են ունենում և ինչպիսի գնահատականներ են ստանում: Ծրագիրն առաջին անգամ է Հայաստանում ներդրվում և կհեշտացնի համալսարանների գործը»,- եզրափակեց Սարիբեկյանը:
«Համագործակցություն հանուն հաջողության» համաժողովի հատուկ հյուրն էր IELTS-ի առաջատար մասնագետ Դայան Ստյուարտը: Նա հայ մասնագետներին փոխանցեց ուսանողներին IELTS քննությանը նախապատրաստելու հմտությունները և գիտելիքները:
Բրիտանական խորհրդի քննությունների գծով խորհրդական և հավատարմագրող Բերնադետ Մագայրը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց IELTS քննության նախապատրաստման համար հատուկ մշակված Road to IELTS պորտալը:
Այս տարի լրանում է IELTS-ի հիմնադրման 25-ամյակը: Եվրոպական և ամերիկյան համալսարանների ընդունելության համար անգլերենի թիվ մեկ քննության ստեղծման առթիվ բազմաթիվ միջոցառումներ և համաժողովներ են կազմակերպվում ամբողջ աշխարհում: IELTS-ը անգլերենի ամենաճանաչված քննությունն է աշխարհում: Տարեկան աշխարհում IELTS քննություն է հանձնում ավելի քան 2 միլիոն մարդ: Աշխարհի շուրջ 8 հազար ազմակերպություններ, այդ թվում' ակադեմիական և պետական հաստատություններ, ընդունում են IELTS-ը: Հայաստանում տարեկան ավելի քան 1000 մարդ հանձնում է IELTS քննություն և ստանում ա նգլերենի իմացության միջազգային վկայական: