ՀՀ ոստիկանությունը բարձր մակարդակով վերահսկում է «Դեմ եմ» շարժման հանրահավաքին հաջորդած երթը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, երթի ժամանակ որեւէ արտառոց միջադեպ չի արձանագրվել: Երթը սկիզբ առավ Ազատության հրապարակից. Մաշտոցի պողոտայով, Սայաթ-Նովայի, Աբովյան փողոցներով երթի մասնակիցները շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ: Այնուհետեւ Ամիրյան փողոցի եÖ ‚ Մաշտոցի պողոտայի երթեւեկելի միայն մեկ ուղղությամբ շարունակեցին ընթանալ դեպի Ազատության պողոտա, որտեղ էլ կեզրափակվի այսօրվա հավաքը եւ մասնակիցները կցրվեն:
Ոստիկանությունը երկու կողմից հսկում է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչների խաղաղ երթը, որի մասնակիցները հնչեցնում են բազմաթիվ կոչեր: Նրանք առաջարկում են Սահմանադրական դատարանին թույլ տալ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության դատական առաջին նիստը հեռարձակել ուղիղ եթերով:
Հայաստանի Հանրապետությունում հունվարի 1-ից գործարկվել է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ըստ որի' 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ' կուտակային հիմնադրամներին: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության մարտի 19-ի նիստին հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության հետ երկխոսելու պատրաստակամություն: «Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին' «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը: Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորի համար, և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում' հանուն մեր երկրի ապագայի, հան ուն բարեփոխումների' այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին»,- ընդգծել է վարչապետը: