Սիրիահայության համար Սիրայի վերջին իրադարձությունները նոր, ողբերգական երանգ են ստանում: Թուրքական սահմանի մերձակայքում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքը, որը հայկաշատ բնակավայր է, հայտնվել է հայաթափության իրական վտանգի առաջ: Առանց այդ էլ լուրջ կորուստներ կրած Քեսաբը, որը մինչև 1947թ. ներգաղթը եղել է ամբողջովին հայաբնակ, քեսաբցիների՝ Հայաստան ներգաղթին զուգահեռ բնակեցվել է բազմաթիվ այլազգիներով:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին:

 

Ցավոք, վատ ավանդույթի համաձայն, Հայաստանի արտգործնախարարությունը որևէ քայլ չի ձեռնարկել՝ թուրքական յաթաղանի տակ հայտնված հայությանն օգնելու նպատակով: Որևէ պաշտոնական հայտարարություն, կապված քեսաբյան իրադարձությունների հետ, չի հնչել, հայության վիճակի մասին կցկտուր տեղեկություններ ստացվում են բացառապես համացանցում հայտնված հատուկենտ ֆեյսբուքյան գրառումների միջոցով: Միջազգային կառույցների կողմից որևէ ճնշում Թուրքիայի նկատմամբ բացակայում է. որևէ կառույց այդպես էլ չփորձեց ստիպել թուրքական կողմին՝ կանխելու համար իր սահմաններից ահաբեկչական խմբավորումների մուտքը հայկական բնակավայրեր: Պարզից էլ պարզ է, որ սա չհայտարարված պատերազմ է՝ սքողված իսլամական խմբավորումների շղարշի տակ:

 

Ի վերջո, հայկական պետությունը չի կարող թույլ տալ իր քթի տակ կատարվող հայերի հերթական տեղահանությունը: Հասկանալի է, որ ռազմական օգնության կամ միջամտության մասին խոսելը այս դեպքում ավելորդ է, սակայն Հայաստանը զլանում է օգտագործել գոնե իր դիվանագիտական, քարոզչական գործիքները: Ամենաթողության պայմաններում իսլամիստական խմբավորումների տակ ծպտված թուրքական պետությունը կօգտագործի պատեհ առիթը՝ ոչնչացնելու իր սահմանների երկայնքում սփռված հայկական տարրը:

 

Թերևս արտգործնախարարին ևս մեկ թշերի կմճտոց է անհրաժեշտ՝ խոր նիրհից արթնանալու և գոնե մեկ անգամ կատարելու իր իրական առաքելությունը: Հսկայական սփյուռք ունեցող երկրի արտգործնախարարը իրավունք չունի անիմաստ գոյություն քարշ տալ պետական մի կառույցում, որը պետք է դատապարումների և միջազգային ճնշումների հեղեղ կազմակերպեր թուրքական պետության գլխին և փորձեր հնարավորինս մեղմացնել Քեսաբի հայության ողբերգական իրավիճակը: Բոլոր ատյանները պետք է օգտագործվեն՝ սկսած միջազգային կառույցներից, վերջացրած Մեծ ութնյակի երկրների խորհրդարաններով:

 

Երևի անխոցելի էին Էռնեկյանի փաստարկները, երբ ցանկանում էր արտգործնախարարության շենքը վերածել հյուրանոցաքյաբաբային համալիրի: Նախարար Նալբանդյանն ու իր շքախումբը, հավանաբար, հենց այդպես էլ պատկերացնում են ԱԳՆ-ի գործառույթը: Հակառակ պարագայում այս կառույցի վերջին ամենաակնառու ձեռքբերումը Սվազիլենդի և Վանուատուի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չէր լինի...



Վարուժան Բաբաջանյան