Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է Երևանում վճարովի ավտոկայանատեղիների, տեսանկարահանող սարքերի և արագաչափերի կիրառման հետ կապված խնդիրների հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծին: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանը նշեց, որ ինքը որոշել էր դիմել ԱԺ նախագահին վերը նշված հարցերով խորհրդարանական լսումներ հրավիրելու առաջարկով: «Քիչ առաջ Ազգային ժողովի նախագահն առաջարկեց լսումներ հրավիրել: Կարծում եմ, որ կարելի է քննարկել նաև այս տարբերակը: Ի վերջո, ինչ որոշում էլ կայացվի՝ հանձնաժողով ստեղծել, թե հրավիրել խորհրդարանական լսումներ, ես կողմ կլինեմ և պատրաստակամ' մասնակցելու այդ աշխատանքներին»,-նշեց նա:
Անկախ պատգամավորն ընդգծեց, որ անընդունելի են այն տուգանքները, որոնք գանձվում են վարորդներից ճանապարհային երթեևկության կանոնները խախտելու համար: Նրա խոսքով, այդ տուգանքները չափազանց բարձր են: «Ես մի քանի դեպքեր գիտեմ, որ մարդիկ Հայաստանից ուղղակի հեռացել են, քանի որ ի վիճակի չեն եղել վճարել ճանապարհատրանսպորտային երթևկության կանոնների խախտման տուգանքները»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի տուգանքների համար հսկայական գումարներ սահմանել, երբ մեր երկրում նվազագույն աշխատավարձը չի գերազանցում 50 հազար դրամը:
Մարուքյանի խոսքով' մարդկանց մոտ ատելություն է առաջացել այդ արագաչափերի և տեսախցիկների նկատմամբ: «Այնպիսի տպավորություն է, որ այդ արագաչափերն ու տեսախցիկները դրված են ոչ թե մարդկանց անվտանությունն ապահովելու, այլ գումարներ հավաքելու համար»,- ասաց նա՝ ընդգծելով, որ որոշ ժամանակ առաջ կենդանաբանական այգու փողոցում արագաչափ կար դրված, սակայն հիմա չկա, քանի որ շատ վարորդներ տեղը գիտեին և չեն խախտել երթևեկության կանոնները, ինչի հետևանքով արագաչափն այլ տեղ են տարել:
Պատգամավորն ընդգծեց, որ բարձրացված հարցերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն և վեր հանվեն, ու լուծում ստանան բոլոր խնդիրները:
Ազգային ժողովը քննարկում է Երևանում վճարովի ավտոկայանատեղիների, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի կիրառման խնդիրների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն արտահերթ քննարկման են ներկայացրել ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները: Հանձնաժողովի խնդիրներն են լինելու հանրապետության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափերի և տեսանկարահանող սարքերի, Երևան քաղաքում ձևավորված վճարովի ավտոկայանատեղիների գործողության արդյունքում 2012-2014 թվականների ընթացքում սպառողների հարկային բեռ ի փոփոխության և նրանց շահերի պաշտպանության ներկայիս վիճակի ուսումնասիրությունը, արագաչափերի և տեսանկարահանող սարքերի տեղադրման, ինչպես նաև վճարովի ավտոկայանատեղիների սպասարկման գծով ՀՀ գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի կողմից տնտեսավարող սուբյեկտների հետ կնքված պայմանագրերի հիմնավորվածության ուսումնասիրությունը: