Մարտի 25-ին լրանում է Հայաստանի Հանրապետության երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 7-րդ տարելիցը: Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թվականի մարտի 25-ին՝ կյանքի 56-րդ տարում:
Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, Երևանում: Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թվականներին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թ.-ից: 1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից' ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության' խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով:
1992թ.-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամը, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը. 1993-1997 և 1998-2005թթ' ՀՀԿ խորհրդի նախագահ: 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև' ԵԿՄ վարչության անդամ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:
Պարգևատրվել է նաև ՀՀ ՊՆ «Վ. Սարգսյան» «Գ. Նժդեհ» մեդալներով, ԵԿՄ «Վ. Սարգսյան» շքանշանով, ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալով, Ֆ. Նանսենի հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով:
Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում այսօր հարգանքի տուրք մատուցվեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին: Պանթեոն այցելեցին նրա կուսակցական, մարտական ընկերները, հարազատները, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը, խոսելով Անդրանիկ Մարգարյանի մասին, ասաց. «Հայ ժողովուրդն այսօր հավաքվել է այստեղ, և դա պատահական չէ, որովհետև մեր մեծերը հեռանալով մեզնից՝ մնում են մեզ հետ, մեր սերունդների հետ, որովհետև նրանք խոսքեր են ասել, գործեր են արել, որոնք ժամանակի համար չեն, այլ հավերժի համար են: Եվ ամեն անգամ մենք գալով այստեղ՝ փորձում ենք մեզ մեկ անգամ ևս տալ այն հիմնական հարցը, որ յուրաքանչյուր մարդ պետք է տա իրեն ցանկացած օր՝ արդյո՞ք ինքն արժանի է այն հիշատակին, որը թողել է մեզ Անդրանիկ Մարգարյանը»:
Երջանկահիշատակ վարչապետի մասին խոսեց նաև ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, թե Անդրանիկ Մարգարյանին այսօր ամենակարճը նկարագրել է նրա գերեզմանին այսօր պատարագ մատուցող քահանան: «Անդրանիկ Մարգարյանը մեզ թողեց մի փոքրիկ դրախտավայր»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Երջանկահիշատակ վարչապետի շիրիմին ծաղկեպսակներ էր դրված նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և այլոց անունից։
«Ակնհայտ է, որ տարիների ընթացքում քաղաքական և հատկապես պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի կերպարի վերագրումը Հայաստանի քաղաքական մշակույթի, պատմության շրջանակներում արդիական է դառնում, որովհետև, բացի նրանից, որ անձնական մեծ երախտագիտություն ունեմ, կան մարդիկ, ովքեր մեր ճակատագրերի վրա մեծ ազդեցություն են ունենում, և Անդրանիկ Մարգարյանն այն մարդկանցից մեկն է, ով իմ և հազարավոր այլ մարդկանց ճակատագրերում ունեցել է շրջադարձային ազդեցություն»,- ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: