Սիրիական հայաշատ Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը Թուրքիայի հայատյաց քաղաքականության շարունակությունն է, որի մասին բոլոր հնարավոր ատյաններում պետք է բարձրաձայնել: Մարտի 25-ին կայացած ասուլիսի ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեցին մտավորականները: Պատմաբան, հրապարակախոս, լիբանանահայ Գևորգ Յազճյանը, ով ապրել է նաև Քեսաբում, կարծում է, որ այս ձևով Թուրքիան փորձում է երկրորդ անգամ իրեն բռնակցել հայաշատ գյուղաքաղաքը: «1938-1939 թթ. շուրջ տասն ամիս Քեսաբը գտնվել է Թուրիքայի իշխանության ներքո, երբ այն օրերի ֆրանսիական իշխանությունը, ցանկանալով հաճոյանալ Թուրքիային, այդ տարածքները հանձնեց նրանց գերիշխանությանը: Այսօր կրկնվում է պատմությունը, Թուրքիան երկրորդ անգամ է փորձու մ իրեն բռնակցել Քեսաբի տարածքը»,-ասաց պատմաբանը' շեշտելով, որ քեսաբահայության շնորհիվ է, որ այն այսօր գտնվում է Սիրիայի տարածքում: «Ես միշտ ասել եմ, որ Քեսաբը քեսաբահայության նվերն է Սիրիային, քանի որ նրանք դեռ առաջին անգամ չհամաձայնեցին բռնակցման հետ ու բազմաթիվ նամակներ գրեցին ֆրանսիացիներին և վերջապես Քեսաբի տարածքի 2/3-ը վերադարձվեց Սիրիային»,-նշեց Գևորգ Յազճյանը:
Պատմաբանի վարկածով' Քեսաբը Սիրիային միացնող թուրքմենաբնակ գավառների բնակիչները Թուրքիայի հրահրմամբ վերացնում են հայկական ներկայությունը Քեսաբից, որից հետո ազգերի ինքնորոշման հարց բարձրացնելով' կարող են Թուրքիային միանալու ցանկություն արտահայտել: «Թուրքմենաբնակ շրջանների ժողովուրդները, լինելով հետամնաց ու մոլի մուսուլմաններ, նաև հարազատական կապեր ունեն թուրքերի հետ, և չի բացառվում, որ վերացնելով հայկական խոչընդոտը, թուրքմենաբնակ շրջանները կարող են հանրաքվե իրականացրել և ասել, որ ցանկանում են միանալ Թուրքիային, ինչը մենք չպե տք է թույլ տանք»,-ասաց պատմաբանը' չբացառելով նաև, որ սա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի ձեռնարկած միջոցառումներից է:
«Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի խոսքով' Քեսաբը շատ մեծ ռազմավարական նշանակություն ուներ Սիրիայի համար: «Քեսաբը հայերի վերջին կորզած պատառն էր թուրքական երախից: Սիրիայի իշխանությունները երբեք էլ չեն ճանաչել թուրքական գերիշխանությունը Քեսաբի և հարակից տարածքների վրա պաշտոնական քարտեզներում այդ շրջանները կազմել են իրենց անբաժան մասը»,-ասաց բանախոսը:
Հակոբ Ավետիքյանը ևս եղել է Քեսաբում ու նշում է, որ այն հավաքատեղի էր աշխարհասփյուռ հայ երիտասարդների համար, ովքեր հավաքվում էին այնտեղ ամառային եղանակին: «Հայ երիտասարդների հավաքատեղին Թուրքիայի համար չէր կարող խնդիր չլինել, որի վերացումը իրենց նպատակներից էր: Բացի դրանից, այն, որ Քեսաբը հոգատարություն էր վայելում Սիրիայի իշխանությունների կողմից, կարող էր շարժել Թուրքիայի նախանձը»,-նշեց նա:
Հակոբ Ավետիքյանը կարևոր է համարում խնդրի բարձրացումը տարբեր ամբիոններից: «Մենք, յուրաքանչյուր առիթ օգտագործելով, պետք է Թուրքիային պատասխանատվության կանչելու հարցը բարձրացնենք: Դիվանագիտական աղմուկ է պետք բարձրացնել, որը կլինի հայկական պետության համապատասխան արձագանքն իրադարձություններին»,-ասաց Հակոբ Ավետիքյանը' կարևորելով նաև մարդասիրական օգնության տրամադրումը քեսաբահայերին:
Խաղաղ Քեսաբ ավանը' Սիրիայի տարածքում գտնվող հայկական պատմական տարածաշրջանը, մարտի 21-ին ենթարկվել է սահմանակից Թուրքիայից ներթափանցած հարյուրավոր ահաբեկիչների հարձակումներին: Տարածաշրջանի բոլոր հայ բնակիչները սպանդի սպառնալիքի տակ ստիպված են եղել լքել իրենց տները' գաղթելով հարևան Լաթաքիա և Բասիթ քաղաքները: Մի մասի բախտը չի բերել և գերեվարվել է, իսկ եկեղեցիներն ու տներն ավերվել են: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարու թյամբ: Հայաստանի ղեկավարը հանձնարարել է ՄԱԿ-ի՝ Նյու Յորքի և Ժնևի գրասենյակներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ հետամուտ լինել մարդու իրավունքների և ազգային փոքրամասնությունների հարցերով մասնագիտացված կառույցներում Քեսաբի հայության անվտանգության երաշխավորման և նրանց բնակության մշտական վայրեր ապահով վերադարձի խնդիրներին: