Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ-ի կառավարությունը գործողությունների պլան է մշակել երկրում տնտեսական իրադրության սաստիկ վատթարացման դեպքում, սակայն հուսով է, որ այն կիրառելու հարկ չի լինի: Այդ մասին հայտնել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
«Մենք պլաններ ունենք, դրանց համար փող կա: Հուսով ենք, որ իրադրությունը չի զարգանա ամենավատ սցենարով, բայց ամենախիստ սցենարի համար մենք ունենք գործողությունների պլան»,- մարտի 26-ին ասել է Շուվալովը Դաշնության խորհրդում:
Նա հավելել է, որ գործողությունների պլանների ձևավորումը, այդ թվում՝ արժութային և ֆինանսական շուկաներում, ավարտվել է մեկ շաբաթ առաջ և դրանց մասին զեկուցվել է նախագահին ու վարչապետին:
«Տարբեր պատճառներով մենք չենք կարող հայտնել, չենք կարող հրապարակային դարձնել այդ պլանը, որովհետև կարող ենք այս կամ այն ներդրողների համապատասխան սպեկուլյատիվ գործողությունների տեղիք տալ»,- ասել է Շուվալովը: