Շվեյցարական International Relations and Security Network-ն (ISN), անդրադառնալով նավթային եկամուտների կրճատմանը եւ համաշխարհային էներգետիկ շուկայում փոփոխությունների Ադրբեջանում լարվածություն առաջացնելու ու երկրի տնտեսական զարգացմանը դրա խանգարելու երեւույթներին, կանխատեսում է, որ Ադրբեջանում երկրի ղեկավարության, իշխանամետ ուժերի եւ բանակի համար բարդ ժամանակներ են սկսվում:
Ըստ ISN-ի' դա կարող է բերել Ադրբեջանում պաշտպանության վրա կատարվող ծախսերի նվազեցման: «2013 թ-ի դեկտեմբերի 3-ին Ադրբեջանում գազի գինը գրեթե երկու անգամ, իսկ բենզինինը' 33 տոկոսով բարձրացվեցին: Դա դարձավ Ադրբեջանի քաղաքացիների համար էժան գազի եւ բենզինի ժամանակների վերջը», -գրում է աղբյուրը:
Այնուհետեւ դրան հետեւեց Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հայտարարությունն այն մասին, որ 2014թ-ին պետական բյուջե հիմնադրամից տրանսֆերտները կրճատվելու են: Ըստ հաշվարկների' դա կբերի կառավարության ծախսերի 17-18 տոկոս կրճատման: ISN-ն նշում է, որ Բաքվի այդ քայլերը նավթի արդյունահանման ծավալների նվազման հետեւանք են:
«Ըստ հաշվարկների' 2012թ-ին Ադրբեջանն օրական միջին հաշվով արդյունահանել է 872 հազար բարել նավթ: Միեւնույն ժամանակ, 2010թ-ին օրական արդյունահանման ծավալը կազմել էր 1,02 մլն բարել: Եւ չնայած Ադրբեջանն ակտիվորեն շարունակում է գազի պաշարների հետախուզումը եւ արտադրական հնարավորությունների զարգացումը, գազը չի կարող փոխհատուցել նավթի արդյունահանման անկումը», - բացատրում է շվեյցարական աղբյուրը' նշելով, որ Ադրբեջանում իր հերթին կրճատվել է նաեւ գազի արդյունահանումը' 2010թ-ին եղած 17.24 մլրդ խոր.մ-ից 2013թ-ին հասնելով 15.6 մլրդ խոր.մ-ի:
Ըստ ISN-ի' բացի այդ, Ադրբեջանի գազային հատվածը բախվում է մի շարք լրացուցիչ դժվարությունների: Խոսքն ինչպես Արեւմուտքում էներգիայի ոչ ավանդական աղբյուրների օգտագործման աճի, այնպես էլ նավթի եւ գազի շուկաների անկայունության մասին է:
«Ներկայում Ադրբեջանի տնտեսությունը բավարար չափով դիվերսիֆիկացված չէ, որպեսզի կարողանա դիմակայել նավթի արդյունահանման անկմանը: Դա հաստատվում է նաեւ այն փաստով, որ շատ ադրբեջանցիներ շարունակում են ապրել աղքատության շեմից ցածր պայմաններում», -ընդգծում է աղբյուրը:
Հոդվածի համաձայն' նավթային եկամուտների նվազումը կարող է բերել Ադրբեջանում պաշտպանական ծախսերի կրճատման: ISN-ը գտնում է, որ ներկայում Ադրբեջանն ի վիճակի չէ միաժամանակ բարելավել երկրում սոցիալ-տնտեսական դրությունը եւ մեծացնել ռազմական հզորությունը: