Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը դրական բարեփոխում է համարում ուսման վարձերի վերին շեմ սահմանելու գաղափարը: Ազգային ժողովում «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա նշեց, որ դա շատ կարևոր բարեփոխում է և անհրաժեշտ է անհապաղ իրականություն դարձնել: «Մենք տեսնում ենք, որ այսօր նույն մասնագիտությունն ստացող ուսանողները տարբեր բուհերում տարբեր վարձեր են վճարում, ինչն անարդար է, և հարկավոր է վերջ տալ սրան, ինչին մենք կարող ենք հասնել՝ վերին շեմ սահմանելով»,- նշեց Բիշարյանը:

 

Հեղինե Բիշարյանն ասաց, որ ՕԵԿ խմբակցությունը մասնակցել է կրթության վերաբերյալ բոլոր նախագծերի քննարկումներին և քննարկվող նախագծին էլ կողմ է քվեարկելու և ակտիվորեն մասնակցելու է բարեփոխումների իրականացմանը: Նա նաև առաջարկեց ուսման վարձերի վերին շեմ սահմանելիս հաշվի առնել մեր երկրում վճարվող աշխատավարձերը, որպեսզի ուսանողները իրենց ուսման վարձերը մուծելիս չդժվարանան:

 

Ազգային ժողովը քննարկում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է կառավարությանը ուսման վարձերի վերին շեմ սահմանելու լիազորություն տրամադրել: Նախագծով առաջարկվում է նաև արտոնություններ տրամադրել սոցիալական մի շարք խմբերի ուսանողներին, ինչպես նաև բուհերին պարտադրել սեփական միջոցների հաշվին ավելացնել պետության կողմից տրված անվճար տեղերի քանակը: