Ազգային ժողովը քննարկում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսíում է կարգավորել Հայաստանում ռազմարդյունաբերական քաղաքականության նպատակները, սկզբունքները և խնդիրները: Հիմանական զեկուցողը' ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը: «Հայաստանն անկախ պետականության կայացման տարիներին տնտեսությունը վերակազմավորել է առանց ռազմարդյունաբերության պետական համակարգված քաղաքականության և զարգացման հստակ ծրագրերի: Չկա Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի իրավական դաշտ, որը հիմք ստեղծի և նպաստի սպառազինության և ռազմական տեխնիկայի և ռազմատեխնիկական ունեցվածքի նոր նմուշների ստեղծման համար անհրաժեշտ կայուն, համակարգված, իրավական, տնտեսական, սոցիալական, ինչպես նաև գիտական և տեխնիկական կադրային քաղաքականության և հավակնոտ ծրագրերի իրականացմանը»,- ասաց Նազարյանը:

 

Նազարյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծի ընդունումով կկարգավորվեն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, Հայաստանի Հանրապետության գործադիր մարմինների միջև հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին, և Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ու մյուս զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:

 

ՀՀ պաշտպանության փոխնախարարը տեղեկացրեց նաև, որ նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի ռազմարդյունաբերության ոլորտում ընդլայնել միջազգային համագործակցությունը ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ մյուս երկրների հետ: