Քեսաբում այժմ մի քանի տասնյակ հայեր կան, ովքեր չեն ցանկացել հեռանել այնտեղից: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիրիայում բնակվող մեր հայրենակիցը՝ ավելացնելով, որ նրանցից շատերը տարեց մարդիկ են: Մինչև այժմ նրանց մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Զինյալները համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ նշվում է, թե հայ բնակչությունը ապահով է և տները ապահով են: Զինյալներից մեկի խոսքով' որոշ հայեր ցանկացել են մնալ Քեսաբում: Ցուցադրվող կադրերի մեջ երևում է հայկական եկեղցին:
Քեսաբի Հայ Ավետարանական համայքնի պատվելի Սևակ Թաշյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ 7 օր առաջ խաղաղ Քեսաբը դատարկվել է այն բանից հետո, երբ թուրքական բանակը սկսել է ռմբակոծել սահմանային կետերը, ինչպես նաև աջակցել է չեչենական և ծայրահեղական «Ալ Քաիդա» խմբավորումներին Թուրքիայից մտնել Քեսաբ: «Մենք կորցրեցինք քաղաքը, բայց հուսով ենք ... », գրել է նա:
Մի քանի օր առաջ զինված ընդդիմությունը հսկողություն էր հաստատել Քեսաբ գյուղաքաղաքի վրա: Հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքի մեջ գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: 700-ից ավելի հայ ընտանիքներ այժմ հաստատվել են Լաթաքիայի ս. Աստվածածին եկեղեցում: Լուրեր են տարածվել, որ քեսաբահայերի բնակարանները թալանվել են, և ավարը տեղափոխվել է Թուրքիա: