Ինչպես հայտնում է itar-tass-ը, Չինացի փորձագետներն այն կարծիքին են, որ Հնդկական օվկիանոսում մալայզիական կորած Boeing-ի որոնման միջազգային գործողությունն ամենաթանկը կլինի քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ: Նրանց հաշվարկներով՝ այն «կնստի հարյուր միլիոնիավոր դոլաներ»:
Օվկիանագետ-գիտնական Չժաո Չաոֆանի գնահատմամբ՝ Boeing-ի մնացորդների հայտնաբերման ծախսերը կարող են ավելի քան տասնապատիկ գերազանցել այն ծախսերը, որոնք կապված էին Air France ընկերության A-330 հանրանավի որոնումների հետ, որը 2009 թվականին Ատլանտյան օվկիանոսի երկնքում կորավ Ռիո դե Ժանեյրոյից Փարիզ թռչելու ժամանակ: Երկամյա որոնողական գործողությունը Ֆրանսիայի և Բրազիլիայի վրա նստեց շուրջ 40 միլիոն դոլար:
Միայն Չինաստանը մալայզիական ինքնաթիռի որոնումների համար այսօրվա դրությամբ ծախսել է «հարյուր միլիոնավոր յուաններ», նշել է փորձագետներից մեկը: Դրա համար ՉԺՀ-ն գործի է դրել իր երկու տասնյակ արբանյակներ, ավելի քան տասը նավ և օդուժը: Որոնողական ջանքերը պատշաճ մակարդակում պահելու համար տարեկան կպահանջվի առնվազն 200 միլիոն դոլար, կարծում են չինացի մասնագետները:
Malaysia Airlines-ի ավիահանրանավը ռադարների էկրաններից կորել է մարտի լույս 8-ի գիշերը՝ կատարելով Քուալա Լումպուր – Պեկին չվերթը: Ինքնաթիռում եղել է 239 մարդ (հիմնականում Չինաստանի քաղաքացիներ): Ինքնաթիռի որոնումներին միացել են 27 երկրներ: Վերջերս Թաիլանդի արբանյակը Հնդկական օվկիանոսում Boeing-ի ենթադրյալ անկման շրջանում հայտնաբերել է շուրջ 300 բեկորներ: Այնուամենայնիվ առայժմ չի հաջողվել որոշել հանրանավի գտնվելու վայրը և պարզել, թե հատկապես ինչ է տեղի ունեցել: