«Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի ավարտին կընդունվի բանաձև այն հարցերի հետ կապված, որոնց շուրջ միջոցառմանը ձեռք կբերվի համաձայնություն: Այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Մեր տնտեսական համաժողովը, աշխատանքների արդյունքում, պետք է ընդունի բանաձև, որում մենք ձեզ հոտ միասին պետք է ամփոփենք այն հիմնական գաղափարները և թեզերը, որոնց շուրջ կոնֆերանսը կգա համաձայնության»,-նշեց վարչապետը՝ մասնակիցներին առաջարկելով ձևավորել խմբագրական հանձնաժողով և դրա կազմում ընդգրկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանին, Գագիկ Մինասյանին և ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանին: Հանձնաժողովը հաստատվեց առանց դեմ և ձեռնպահ ձայների:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովը մարտի 29-ին մեկ հարկի տակ է մեկտեղել տնտեսական փորձագետների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների, հյուրերի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիալ մարմնից: Համաժողովին զեկույցներ են ներկայացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: