Կառուցողական կերպով այսօր քննարկվում է Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո անցումային փուլ ստեղծելու հարցը, որպեսզի մաքսատուրքերի բարձրացումը չբերի դժվար իրավիճակի: Այդ մասին նշեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան «Հայաստան-Մաքսային միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում: «Հայաստանին ժամանակ կպահանջվի, որպեսզի հարմարվի ՄՄ-ի պայմաններին: Վստահ ենք, որ կանենք ամեն ինչ, որպեսզի ձեր արտադրողներն ու սպառողները տեսնեն միայն օգուտներ, իսկ բացասական էֆեկտները մեղմելու քայլեր կձեռնարկենք»,-ասաց Վալովայան: Նրա խոսքով՝ այժմ քննարկվում են այն ապրանքների թիվը և նորմերը, որոնք կարևորություն ունեն Հայաստանի համար և դրանց մաքսատուրքերի բարձրացումը կդժվարացնի իրավիճակը:

 

Վալովայայի խոսքով՝ Ղազախստանի համար ևս եղել են 400-600 ապրանքատեսակներ, որոնց մաքսային խնդիրների լուծման համար պահանջվել է անցումային ժամանակ: Միայն հաջորդ տարի Ղազասխատանի մաքսատուրքերը բոլոր ապրանքների համար կհամապատասխանեն ՄՄ չափանիշներին:

 

Հայաստանը ներկայացրել է 900 ապրանքատեսակ, որոնք կարևորագույն նշանակություն ունեն երկրի համար, որպեսզի դրանց մաքսատուրքերի բաձրացում միանգամից տեղի չունենա: Բանակցությունների սեղանին է անցումային փուլ սահմանելու հարցը: