Lragir.am-ի զրուցակիցն է հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը
Զարուհի, Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու համաձայնագրի վավերացումից հետո մեզ մոտ մարդիկ, ովքեր մասնակցել են ղարաբաղյան պատերազմին, հեշտությամբ խոսում են Արցախը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին: Ինչո՞վ է, ըստ Ձեզ, սա պայմանավորված:
Մենք նախևառաջ քաղում ենք մեր 25 տարվա անգործության պտուղները: Ղարաբաղյան հիմնախնդիրն ամենևին տարածքի վիճարկման և մի երկրից մյուսին՝ էթնիկ ինքնության ցուցանիշով վերամիավորվելու նախագիծ չէր, այն հետխորհրդային տարածքում նոր դեմոկրատիաների ձևավորման առաջին փորձն էր, որի հիմքում դրված էր Ղարաբաղի բնակչության ազատագրումը Ադրբեջանի բռնապետական ռեժիմից: Ազատագրման ու ինքնորոշման ցանկության պատասխանը բռնապետության կողմից պարտադրված պատերազմն էր, որը հաղթահարվեց միայն իրավական, սահմանադրական մտածողություն ունեցող մարդկանց շնորհիվ: 1992 թվականին հռչակվեց ԼՂՀ-ն՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին» հռչակագրով: Պարտադրված պատերազմը հաղթած, ֆիզիկական բնաջնջման վտանգը հաղթահարած ու իր ապրելու իրավունքը նվաճած ժողովուրդն ինքնուրույն ու ազատ, իրավահավասար քաղաքացիների սահմանադրական պետություն հիմնադրելու ճանապարհը բռնեց, հիմք գցեց ինքնիշխան պետության, որտեղ մարդը, նրա կյանքն ու անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են: Այն արժեքները, որոնք ամրագրված են և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի անկախության հռչակագրերում, այս տարիների ընթացքում այդպես էլ կյանքի չկոչվեցին: Դրա պատասխանը մենք ստանում ենք երկու երկրներից էլ հնչող՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու և երկու երկրների ինքնուրույնության և ինքնիշխանության կորստի գնով:
Շատերն ասում են, որ Ղրիմի հարցը չպետք է համեմատել ԼՂ խնդրի հետ, քանի որ այդ երկուսը համեմատության որևէ եզր չունեն:
Այո, համեմատության որևէ եզր չկա: Ինքնորոշման գաղափարը, որը դրված է ԼՂՀ ստեղծման և հռչակման հիմքում, ունի միայն ազատագրական իմաստ, ազատագրում բռնապետությունից: Ղարաբաղի ժողովուրդն ընտրել է անկախության, սեփական ճակատագիրը տնօրինելու ճանապարհը, որտեղ կա դեմոկրատական ճանապարհով, ընտրությունների միջոցով ձևավորվող հանրային կառավարում ունենալու ցանկություն' ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ իշխանությունը անցնում է հորից որդուն' գրեթե ցմահ իշխելու հնարավորությամբ: Այդ համակարգից էր ազատագրվում Ղարաբաղը, ընդ որում' չմիավորվելով նույն էթնիկ ինքնությունը կրող Հայաստանին։ Ղրիմի պարագայում կատարվել է ճիշտ հակառակը: Բռնապետական ռեժիմից ազատագրվող պետության՝ Ուկրաինայի կազմից պոկվում է մի հատված ու կցվում հարևան բռնապետական ռեժին՝ Ռուսաստանին, վկայակոչելով էթնիկ ինքնությունը:
Եթե դրան հավելենք նաև կասկածելի պայմաններում անցկացված հանրաքվեին նախորդած Ռուսաստանի կողմից ծավալված ռազմական գործողությունները, որոնք, ի դեպ, կոպտագույն խախտում են 1994 թվականի Բուդապեշտի հուշագիրը, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ նմանություն գտնել հնարավոր չէ: Մի՞թե Հայաստանում և Ղարաբաղում դա չեն հասկանում, հնչում են հիացական հայտարարություններ, թե Ղրիմն ու Ղարաբաղը համադրելի են, կամ միտումնավոր և ուղղորդված են անում, ես դա չեմ կարող ասել, սակայն խեղաթյուրվում են իմաստներ՝ միաժամանակ ստվերելով այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք։
Եվրոպացի պաշտոնյաներն արդեն կարծիք են հայտնում, որ սա միայն Ուկրաինայի խնդիրը չէ, այլ ողջ հետխորհրդային տարածքի և տարածաշրջանում լուրջ փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Ի՞նչ պետք է աներ Արևմուտքն այս իրավիճակում, որքանո՞վ էր մեղմ նրա տեսակետը, որը թույլ է տալիս շատերին խոսել Պուտինի հաղթանակի մասին:
Երբ իրավիճակը սրվում ու վերածվում է հակամարտության, դա խոսում է բոլոր կողմերի պարտության մասին, դիվանագիտության պարտությունն է սա, որի համար կար հնարավորություն։ Ես անցած քսան տարին կոչում եմ ժողովրդավարացման կորցրած հնարավորությունների տարիներ, երբ երկրագնդի որևէ հատվածում խաթարվում է մարդկային կայուն զարգացման հնարավորությունը, որևէ կողմի հաղթանակի կամ պարտության մասին հնարավոր չէ խոսել։ Մեր հնարավորությունները դարձյալ իջնում են՝ էթնիկ ինքնության պահպանման մակարդակի։ Բռնապետության շրջանը նեղանում է՝ իր մեջ ներառելով նաև Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, երկրները դիտարկվում են արդեն ոչ թե որպես պետություններ, այլ տարածքներ, որը կարելի է գրավել, կիսել։
Այդ միտումը սկիզբ առավ ռուս–վրացական պատերազմից հետո, երբ դեմոկրատական փոփոխությունների հայտ ներկայացրած Վրաստանից պոկվեց երկու կտոր՝ Աբխազիան և Օսեթիան։ Դա փաստորեն հետխորհրդային երկրների կողմից Ռուսաստանին տրվող յուրատեսակ հարկ է, որը տալիս են անկախացած պետությունները ժողովրդավարացման հնարավորության համար՝ տարածքների տեսքով։ Հիմա Ուկրաինան է, հետո Մոլդովան կլինի։ Հայաստանն արդեն ամբողջովին համաձայնել է գոյությունը քարշ տալ բռնապետական ռեժիմի պայմաններում, այստեղ լուրջ դիմադրություն չկա, սակայն կա Ղարաբաղը կորցնելու վտանգի պարբերական հիշեցում։ Պուտինն այսօր հանդիսանում է բռնապետական ռեժիմների երաշխավոր և հովանավոր, սակայն բռնության մշակույթի կրողը չի կարող ոչինչ ստեղծել, նա կարող է գրավել, վախի մթնոլորտում պահել ու վերահսկել՝ միաժամանակ կործանելով այդ տարածքում ապրող մարդկանց արժանապատիվ ապրելու հնարավորություններն ու հույսերը:
Այսինքն՝ ակնհայտորեն տկարացա՞ծ են այսօր Եվրոպան ու Արևմուտքը:
Պարտվել ենք բոլորս, աշխարհը դարձել է անկայուն, սկզբունքներն ու պայմանագրերը՝ չգործող։ Ռուսաստանը դարձավ թելադրող գործոն բոլորի համար, սակայն էստեղ կարևոր հարց է, թե գործոնին ինչպես կվերաբերվես. հաշվի կնեստես՝ համագործակցության ու զարգացման հեռանկարով, կսառեցնես՝ մինչև ինքն իրեն սպառի՞, թե կփորձես չեզոքացնել ու դնել անտանելի պայմանների մեջ, որպեսզի կանխարգելես հետագա քայլերն ու առաջխաղացումը։ Երեք տարբերակներից ո՞րը կընտրվի, ես չեմ կարող ասել։
Ղրիմը ՌԴ կազմում որպես սուբյեկտ ներառելուց հետո որո՞նք են լինելու Մոսկվայի գործողությունները: Կսահմանափակվի՞ Ռուսաստանը այսքանով, թե ՞ավելի հեռուն կգնա:
Ընդհանրապես տնտեսական պատժամիջոցների պարագայում ցանկացած երկրի զարգացման հիմնական ճանապարհը և ապագան վտանգված է լինում: Հիմա այդ տնտեսական պատժամիջոցների պարագայում, թե ինչպես կգոյատևի Ղրիմը որպես Ռուսաստանի նոր սուբյեկտ, շատ դժվար է պատկերացնել, այն դեպքում, երբ Ռուսաստանն էլ դժվար է համարել տնտեսապես կայուն և ուժեղ երկիր: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղին անկախության տարիների ընթացքում բավական լուրջ աջակցություն է ցուցաբերվել միջազգային կառույցների կողմից: Իսկ Ղրիմի պարագայում և Ռուսաստանն է զրկվում միջազգային կառույցների աջակցությունից, և Ղրիմը: Այսօր չես կարող աշխարհից կտրված ապրել ու ասել՝ ես կարող եմ միայնակ ապրել, գրավել աշխարհի կեսը և պահպանել: Շատ ծանր պրոցես է սպասվում, և
Հայաստանի վրա դա պարտադիր անդրադառնալու է:
Իսկ այս պայմաններում շատերն ասում են, որ ՄՄ-ն կյանքի չի կոչվի, Հայաստանն էլ մայիսին այդ միությանը մաս չի կազմի: Ձեր կարծիքով, ղրիմյան իրադարձությունների ֆոնին որքանո՞վ է մոտենում կամ հեռանում ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը:
Այս պայմաններում, երբ Ռուսաստանն ակնհայտ կայսերապետական քաղաքականություն է վարում, այն չի կարելի դիտարկել որպես համահավասար սուբյեկտների միություն կազմելու ենթակա պետություն: Նա կարող է միայն բռնակցել իրեն: Այժմ մենք հստակ կարող ենք տեսնել, որ ցանկացած պայմանագիր Ռուսաստանի հետ կարող է դիտարկվել որպես այդ պետության գերակայության հաստատում: Դա կարող է ենթադրել այդ պետության տարածքում ներառվելու քայլ: Ես չեմ կարծում, որ այլևս միություններ կազմելու հնարավորություններ ունենա Ռուսաստանը, որովհետև նրա քաղաքականությունն իր տարածքներին նոր սուբյեկտներ միավորելն է:
Մայիսին, երբ ավելի շոշափելի դառնա ՄՄ անդամակցությունը, հնարավոր համարո՞ւմ եք բուռն զարգացումներ Հայաստանում:
Ես կարծում եմ, որ Հայաստանում չկա պոտենցիալ, որը պայքար կծավալի նմանատիպ գործընթացների դեմ։ Ընդհանրապես, աշխարհում պայքարը գնում է բռնապետությունների և դեմոկրատական մոդելով կառավարվող երկրների միջև, և դա ակնառու է այս դեպքում ևս։ Հայաստանի քաղաքական ողջ դաշտը կարծես համաձայնել է արժանապատիվ կյանքը զիջել գոյատևմանը։ Հիմա միակ հնարավորությունը դարձյալ արտաքին գործոնով պայմանավորված հնարավորությունն է անկախության ու ինքնիշխանության պահպանման համար։