Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, Ժնևի իշխանությունները հետաքննում են վարդագույն ադամանդի կորուստը, որի արժեքը գնահատվում է 50 միլիոն դոլար, տեղեկացնում է Շվեյցարիայի RTS հեռուստառադիոհաղորդումների ընկերությանը:
50,66 կարատ քաշով քարը կորել է Malca-Amit ընկերության պահոցից, որը տրամադրում է տարբեր արժեքներ պահելու ծառայություններ:
Թանկարժեք քարի տերը՝ Սիլլա Մուսան, որն այն պահելու էր տվել 2007 թվականին, մեղադրանքներ է առաջադրել ընկերության ղեկավարությանը:
Անցյալ տարվա օգոստոսին Մուսան որոշել է ստուգել ադամանդի պահպանվածությունը, բայց ընկերության աշխատակիցները, նրա խոսքով՝ հայտնել են, թե քարը հանձնվել է ոմն գործարարի:
Մինչդեռ, Malca-Amit-ի ղեկավարությունը հայտարարել է, թե 2008 թվականին քարի տերն ինքն է վերցրել ադամանդը, ինչը կարող են հավաստել ընկերությունում առկա փաստաթղթերը:
Այս պահին ոստիկանությունը, որը մարտի կեսերին խուզարկություն է կատարել Malca-Amit-ի՝ Ժնևի գրասենյակում, հետաքննություն է վարում պահոցի երեք աշխատակիցների նկատմամբ: