Հայաստանյան մամուլը, ի տարբերություն այլ դեպքերի և իրադարձությունների, Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին բավական բուռն արձագանքեց, և որոշակի շեշտադրումներ կատարվեցին: Ապրիլի 1-ին հրավիրված ասուլիսում «Ազգ» թերթի խմբ ագիր Հակոբ Ավետիքյանը կարծիք հայտնեց, որ ոչ միայն մամուլը, այլև ամբողջ հայությունը կարողացավ հարցը հնչեցնել տարբեր ատյաններում:
«Հարցի ներքին քննության իմաստով, վերլուծույթյան իմաստով չկարողացանք բաձրության վրա գտնվել: Շատերն առաջին անգամ էին սլում «Քեսաբ» տեղանվան մասին, շատերը չգիտեին, նույնիսկ նրանք, ովքեր գաղութների պատմությանը տեղյակ էին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ավետիքյանը:
Նրա գնահատմամբ, հայաստանյան մամուլը արձագանքեց կատարվածին, սակայն այն, թե ինչու տեղի ունեցավ այս իրավիճակը, մնաց անպատասխան:
« Ինչ վերաբերում է նման իրադարձությունները կանխելուն, ապա այդտեղ մենք լրիվ անպատրաստ ենք»,- ընդգծեց փորձագետը' հավելելով, որ տեղեկատվությունից բացի 'մեկնաբանությունների, վելուծությունների դաշտում հայաստանյան լրատվամիջոցները մեծ ազդեցություն չէին կարող գործել միջազգային մակարդակի լրագրողների նման:
«Այս թոհուբոհի մեջ ծանրակշիռ խոսք ասելու և ուղղորդելու իմաստով մենք այդ զենքը չունենք: Սա այն խնդիրն է, որը չես կարող բարձիթողի անել և ասել. «Թող լրագրողը աճի, ուժեղանա, միջազգային դեմք դառնա»: Նման բան աշխարհում չի լինում, քանի որ պետական, ազգային միջոցներ են պետք: Կան մեկ-երկու դեմքեր, բայց իրենք ստիպված են ծառայել այլ պետությունների շահերին»,- ավելացրեց «Ազգ» թերթի գլխավոր խմբագիրը:
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով, դրական է, որ մենք ունեցանք վստահելի աղբյուրներ Քեսաբից, ինչպես նաև պատգամավորների խմբի դեպքի վայր մեկնելը և մեծ աշխատանք կատարելը' սահմանափակելով ապատեղակատվության հնարավոր հոսքերը:
«Ցավոք, խառնվեցին աշխարհաքաղաքական շահերը: Ռուսաստանը օգտագործում է իր տեղեկատվական զենքերը, որպեսզի ստեղծի հակաամերիկյան տրամադրություններ ռուսական տեղեկատվական դաշտում»,- իր դիրքորոշումը հայտնեց Քոչարյանը' ավելացնելով, որ դժվար է գտնել որևէ արտասահմանյան լրատվամիջոց, որը Քեսաբի հարցին անդրադարձած չլինի:
«Հայաստանյան լրատվամիջոցները զգույշ են աշխատում, ունեն աղբյուրներ, որոնց կարող են վստահել: Մամուլը իրեն զգուշավոր, չափավոր և օպերատիվ է պահում»,- ընդգծեց փորձագետը' ավելացնելով, որ աշխարհին տեղեկացնելու առաքելությունը լրատվամիջոցներին հաջողվել է կատարել, իսկ այժմ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ:
Նրա գնահատմամբ, շատերը Քեսաբում ստեղծված իրավիճակին վերագրում են այս կամ այն պատճառը, մինչդեռ մենք պետք է ուշադիր լինենք և կարևորենք այն հանգամանքը, որ այնտեղ մեր հայրենակիցներն են ապրում, և յուրքանչյուր անզգույշ քայլ կարող է իրենց ճակատագրի հետ խաղալ:
Բանախոսները նշեցին, որ որպես դրական կողմ կարելի է արձանագրել, որ բավական շատ հայտնի մարդիկ արձագանքեցին Քեսաբի իրավիճակին, սակայն ինչպես կհանգուցալուծվեն իրադարձությունները, դա արդեն աշխարհի գերտերությունների պայմանավորվելու հարցն է:
Փորձագետները նաև հավելեցին, որ թե’ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, թե’ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հավելյալ աշխատանքներ իրականացնեն աշխարհում բնակվող հայերի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու, վերահսկողական կառույցներ ստեղծելու համար, ինչը կօգնի կանխել Քեսաբի նման իրավիճակները: