Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանն առաջարկում է բանաձև ընդունել, որով հայության որևէ հատվածի խնդիրը, այդ թվում' քեսաբահայության, միայն այդ հատվածի խնդիրը չէ, այլ համայն հայության մտահոգության առիթն է: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ նման կոչով հանդես եկավ օրերս մի խումբ այլ պատգամավորների հետ Սիրիայի Լաթաքիա քաղաքում քեսաբահայությանը հանդիպած Սամվե լ Ֆարմանյանը: «Ներկայում մենք գործ ունենք հումանիտար աղետի հետ, և կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունն իր համեստ հնարավորությունների շրջանակում գործի: Լաթաքիայում գտնվելու ժամանակ մենք որոշակի փաստահավաք առաքելություն ենք իրականացրել և հավաքագրված վիճակագրությունը, ինչպես նաև առաջարկությունները, որոնք ներկայացվել են նաև քեսաբահայության կողմից, ներկայացրել ենք հանրապետության բարձրագույն իշխանություններին և ուրախ են տեսնել, որ այդ ուղղությամբ արդեն քայլեր են կատարվում», ասաց Սամվել Ֆարմանյանը:

 

Նա բարձր գնահատեց հայկական քաղաքական-դիվանագիտական շրջանակների ձեռնարկները, որին զուգահեռ կարևորեց նաև հասարակական, բարեսիրական կառույցների գործունեությունը: «Պետք է ամբողջ աշխարհին տեղեկացնենք տեղի ունեցածի վերաբերյալ' չսահամափակվելով միայն դատապարտող հայտարարություններով: Իրավիճակը շատ ավելի խորն ու բազմակողմանի է: Պետք է առավելագույնը ձեռնարկենք քեսաբահայության շահերը ներկայացնելու համար»,-նշեց պատգամավորը:

 

Սամվել Ֆարմանյանի խոսքով' ներկայում ամենակարևոր ուղղությունը ֆինանսական աջակցության տրամադրումն է: «Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք նյութական աջակցություն տրամադրել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում հաստատված հայերին իրենց ամենօրյա ծախսերը հոգալու համար: Այդ աջակցությունը պետք է ևս համակարգված լինի»,-ասաց Սամվել Ֆարմանյանը' կարևորելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի նախաձեռնությունը: «Նյութական աջակցությունից զատ շատ կարևոր է նաև մեր բարոյական աջակցությունը քեսաբահայերին: Հումանիտար նման աղ ետի հանդիպած ցանկացած քաղաքացին ջերմ հայացքի, խոսքի, նամակի կարիք ունի: Իսկապես, մեզանից որևէ մեկը, երբ այցելի Լաթաքիայում ապաստանած մեր հայրենակիցներին, որևէ վատ քայլ արած չի լինի»,-շեշտեց պատգամավորը:

 

Սամվել Ֆարմանյանը նշեց, որ այս ամենին զուգահեռ կարևոր է նաև տեղեկատվական հարթակում աշխատանքը: «Երբ առկա է կոնֆլիկտ, միշտ դրա յուրաքանչյուր կողմ ցանկանում է իր համար ձեռնտու տեղեկատվությունը տարածել, և այս տեսանկյունից,կարևոր է հայկական լրատվամիջոցների զգոնությունը»,-ասաց Սամվել Ֆարմանյանը:

 

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ' Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը եւ Լեւոն Մարտիրոսյանը մեկնել են Սիրիա' տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: ԱԺ պատգամավորները հանդիպել են սեփական բնակավայրից Թուրքիայի աջակցությամբ վտարված քեսաբահայության հատ, ծանոթացնել նրանց դիտարկումներին: Մարտի 27-ին պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, քննարկել սիրիահայությանն խնդիրների վերաբերյալ հարցեր:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկ ի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սնունդով ապահովել է բնակիչներին: