Ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներն սկսել են ավելի շատ անդրադառնալ Քեսաբի ցավալի դեպքերին՝ ներկայացնելով դրանք նաև Հայոց ցեղասպանության համայնապատկերում: Ապրիլի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: «Արևմտյան լրատվամիջոցները, սկզբնական շրջանում, Քեսաբի դեպքերին անդրադառնալով, անտեսում էին Հայոց ցեղասպանության հարցը, սակայն այս պահին կարծես նրանք էլ որոշակի գնահատականներ հնչեցնում են, թեև դրանք շատ մեղմ են»,- ասաց նա:

 

Անդրադառնալով քեսաբահայերի կոտորածների մասին համացանցում տարածված լուրերին՝ Արտակ Դավթյանը նշեց, որ պետք չէ ավելի սրել իրավիճակը և կեղծ լուրեր տարածել: «Գիտեք, որ մեր պատգամավորներն էլ եղել են Սիրիայում, ծանոթացել տիրող իրավիճակին, իսկ այնտեղ մեր հայրենակիցները ներկայացրել են, որ քեսաբահայերի մեջ զոհեր չկան»,- ընդգծեց Դավթյանը:

 

Նա նշեց, որ Քեսաբում սարփափելի ողբերգություն է տեղի ունեցել, և հիմա համայն հայությունը պետք է միավորի իր ուժերը քեսաբահայերին անհրաժեշտ աջակցություն ցույց տալու համար:

 

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ' Սամվել Ֆարմանյանը, Արման Սահակյանը, Նաիրա Կարապետյանը, Թեւան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը և Լևոն Մարտիրոսյանը մեկնել էին Սիրիա' տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբ քաղաքում և հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: ԱԺ պատգամավորները հանդիպել են սեփական բնակավայրից Թուրքիայի աջակցությամբ վտարված քեսաբահայության հետ, ծանոթացնել նրանց դիտարկումներին: Մարտի 27-ին պատգամավորները հանդիպել են Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի հետ, քննարկել սիրիահայությանն խնդիրների վերաբերյալ հարցեր:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին, Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ հայտարարությունները հակասական են:

 

Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը' Հաագայում' Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: