Եթե սովորական օրերին մեկ հատ մեխակը կարելի էր ձեռքբերել 170-200 դրամով, ապա այսօր այն արժե 300-400 դրամ, իսկ Գառնու տեղական մեկ վարդն արժե 700-850 դրամ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնում գործող ծաղկի սրահի մենեջեր Տաթև Խաչատրյանը:
Նրա խոսքով, Մեռելոցի հետ պայմանավորված ծաղկի գները այսօր բարձրացել են: Ըստ Տաթև Խաչատրյանի' իրենք ցանկացած առիթի համար հարմար գներով ծաղիկներ ունեն:
«Մեր մոտից կարելի է ձեռք բերել խրիզանտեմի փունջ' 3000 դրամով, ունենք ասթոմերիա անունով ծաղիկներ' կապը 5000 դրամ: Կալայի գինը սովորական օրերին 300-400 դրամ է, այսօր վաճառում ենք 500 դրամով»,-ասաց նա:
Այսօր մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շրջակայքում ամենօրյա ծաղկավաճառների կողքին հայտնվել էին նոր վաճառականներ:
«Ամբողջ գիշեր գնացել եմ «օպտավոյից» ծաղիկների համար հերթ եմ կանգնել, որ բերեմ' էսօր ծախեմ, էրկու կոպեկ աշխատեմ: Կարող ա՞ մի հատ էլ օպտավոյից էժան ասեմ, պարզ ա, որ մի քիչ բարձր գին եմ ասելու»,- ասաց Եղիշ անունով ծաղկավա-առը, ով դաշտային ծաղիկների փոքրիկ փունջը վաճառում էր 2000 դրամով:
Ծաղկային փնջերը, զամբյուղիկները նույնպես գնային տատանումներով էին այսօր «ներկայացել» շուկա: Սովորական երեք գերբերաներով և ձևավորման համար օգտագործվող բույսերով զարդարված զամբյուղի համար Շենգավիթ մետրոյի կայարանի շրջակայքում պահանջում էին 4000-4500 դրամ:
Տիկին Ամալյայի խոսքով, սակարկելու դեպքում 500 դրամ հնարավոր է իջեցնեն գները:
«Մենք էնքան էլ թանկ չենք ասում, հլը գնացեք գերեզմանների մոտ ծաղիկ ծախողներին հարցրեք, մի հատ գերբերան 1500-2000 դրամով են ծախում: Հեսա, գլադիոլուս ունեմ (թրաշուշան), հատը 500 դրամ, սովորական օրերին' 350 դրամ ենք ասում»,- ասաց տիկին Ամալյան: