ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը նույնպես հաստատեց ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքը գործելու է, և քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարել պարտադիր կենսաթոշակային վճարները: «Մենք Սահմանադրությանը հակասող և անվավեր ենք ճանաչել ութ դրույթ, որոնց համար մեզ դիմել են: Քիչ դատարաններից ենք, որը լիազորված է փոփոխել որոշման ուժի մեջ մտնելու պահը: Սահմանադրական դատարանը չի ասել, որ ընդհանրապես պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է: Մենք ասել ենք, որ այս մոդելում, որը երկրի օրենքով պարտադրվում է, կան հակասահմանադրական դրույթներ»,-ասել է ՍԴ անդամը ապրիլի 2-ին «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

 

Ավելի վաղ հրապարակել էինք զրույցը ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հետ, ով ևս նշել էր, որ մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործելու է. ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմերը գործելու են: Հիմնական գործընթացը, որը պետք է այժմ ակնկալել, այն է, որ ՀՀ կառավարությունը կնախապատրաստի օրենքում փոփոխությունների նախագիծ:

 

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն' Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: «Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, մասնավորապես՝ սույն որոշման եզրափակիչ մասի 1-5 կետերով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույ թները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ սույն որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը՝ համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշմա ն պահանջներին»,-նշված է որոշման 7-րդ կետում: