Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության հարցի քննարկումը շատ կարևոր է համարում: «ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կբարձացվի ոչ միայն Քեսաբի հարցը, այլ մենք այնտեղ ունենք շատ կարևոր խնդիր: Ղրիմի դեպքերի պատճառով Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցի առումով, այնտեղ մենք պետք է պահպանենք ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա լինելու հանգամանքը, որպեսզի մեր դիրքորոշումը չդիտվի որպես Ռուսաստանի կողքին կամ նրան հարակից լինելու փաստարկ: Մեր գլխավոր փաստարկն է Եվրախորհրդին հասցնել, որ եթե այն ինչ-որ քաղաքական նկատառումներով հակառուսական տրամադրություն ունի, չվերածի այն իր արժեհամակարգի դեմ պայքարի»,-ասաց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորի կարծիքով' եվրոպական արժեհամակարգի բաղադրիչ մասը ինքնորոշման իրավունքնի իրականացումն է, որն ի վերջո լինելու է դոմինանտ արժեք: «Վաղ թե ուշ, բոլորը հասկանալու են, որ ժողովրդի կամքին հակառակ չպետք է որոշումներ կայացնել' լինի դա Ղրիմում, թե այլ տեղ»,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը:

 

Ստրասբուրգում ապրիլի 7-ին մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որտեղ հայկական պատվիրակությունը կբարձրացնի Քեսաբի, նաև' ադրբեջանական գերության մեջ հայտնված Հակոբ Ինջիղուլյանի հարցերը:

 

ԵԽԽՎ անդամները քվեարկության կդնեն Ղրիմի դեպքերի պատճառով Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը: