Ձկնաբուծական ոլորտը լիցենզավորելու ՀՀ կառավարության ծրագիրը, որը ենթադրում է ձկնաբուծարանների կողմից ջրի խնայողական ռեժիմի կիրառում, սննդի անվտանգության և արտադրական նորմատիվներին համապատասխանեցում և այլ փոփոխություններ, կարող է հանգեցնել մի շարք տնտեսությունների լուծարման:
Ապրիլի 7-ին հրավիրված ասուլիսում այդ մասին նշեց «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Նա հայտնեց, որ նախագծով նախատեսվում է ձկնաբուծական ոլորտի լիցենզիայի համար գանձել տարեկան 15 և ավելի միլիոն դրամ վճար: «Ձկնաբուծության լիցենզավորման գործընթացն սկսելուց առաջ անհրաժեշտ է հաշվի առնել մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, տնտեսական վիճակը, բնակլիմայական պայմանները, հարևան պետությունների վերաբերմունքը և այլ կարևոր հարցեր»,-նշեց Աթոյանը' հավելելով, որ ձկնարտադրողների ջուրը 1/3-ով կրճատելու դեպքում անհրաժեշտ է այլընտրանքային լուծումներ գտնել, քանի որ ձկնաբուծարաններում ջրի կիսափակ ռեժիմի կիրառումը թանկ հաճույք է և սկսում է 150 հազար եվրոյից:
Միության նախագահը նշեց նաև ձկան ինքնարժեքի վրա ջրահեռացման բարձր վճարի ազդեցության մասին, ինչը, ըստ նրա, արտաքին շուկայում կհանգեցնի առևտրային խնդիրների: Յուրաքանչյուր խորանարդ մետր ջրի հեռացման համար նախատեսված է 295 լումա վճար:
Աթոյանը նշեց, որ ձկնաբուծական խորքային հորերն օրինականացնելու փոխարեն դրանք փակվում են, այն դեպքում, երբ, իր տվյալներով, 567 խորքային հորերից ջուրն անխնա հոսում է' ճահճացնելով տարածքը: Նա հայտնեց, որ ներկայումս Հայաստանում գործում է 170 ձկնաբուծական տնտեսություն: Նա առաջարկեց ստեղծել աշխատանքային խումբ գործադիր իշխանության բոլոր շահագրգիռ կառույցների և Ձկնաբույծների միության ներկայացուցիչների մասնակցությամբ և փնտրել ջրի խնայողական օգտագործման և ձկնաբուծական տնտեսությունները չփակելու հնարավորություն տվող լուծումներ:
Հայաստանից արտահանվող թարմ կամ պաղեցրած ձկան ծավալն անցյալ տարի 2012 թվականի համեմատ աճել է 31.89 տոկոսով և կազմել 2 հազար 193 տոննա: Արտահանված ձկան մաքսային ընդհանուր արժեքը գերազանցել է 16.8 միլիոն դոլարը: Նախորդ տարի մեր երկրից արտահանված ձկան գրեթե ողջ ծավալը (2187,2 տոննա) գնել է Ռուսաստանը, ինչը 31.78 տոկոսով գերազանցել է 2012թ. ցուցանիշը: Միաժամանակ, անցյալ տարի մեր երկիր է ներկրվել 2 հազար 142.2 տոննա սառեցրած և 9.8 տոննա թարմ կամ պաղեցրած ձուկ: