Հույն լրագրողներն ապրիլի 8-ին համազգային գործադուլ են անցկացնում. այսօր առավոտյան ժամը վեցից մինչեւ ապրիլի 9-ի առավոտվա ժամը վեցը նորություններ չեն հաղորդվում հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, չեն աշխատում ցանցային հրատարակությունները, ապրիլի 9-ին լույս չեն տեսնի թերթերը: Հեռուստաալիքները նորությունների առավոտյան թողարկումների փոխարեն ցուցադրում են սերիալներ եւ վավերագրական ֆիլմեր:
«Լրագրողները մամուլի եւ զանգվածային լրատվամիջոցների բոլոր աշխատակիցների հետ միասին պահանջում են ստորագրել նոր կոլեկտիվ աշխատանքային պայմանագրեր եւ ապահովել պատշաճ աշխատապայմաններ, անհապաղ դադարեցնել արձակումներն ու կրճատումները եւ աշխատավարձի վճարման ուշացումները, չեղյալ հայտարարել վարկատուների պահանջով ընդունված օրենքները, որոնք պակասեցնում են աշխատավարձերն ու կենսաթոշակները»,- հաղորդել Է լրագրողների առաջատար արհմիությունը՝ Աթենքի թերթերի խմբագիրների միությունը:
Գործադուլ անցկացնելու որոշումը պաշտպանել են զանգվածային լրատվամիջոցների բոլոր արհմիությունները: Լրագրողների խոսքով՝ իրենք «ո՛չ» են ասում իրենց ժամանակակից ստրուկների վերածելուն, Հունաստանը «հատուկ տնտեսական գոտի» դարձնելուն, մարդկանց արժանապատվությունը ստորացնելուն:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, զանգվածային լրատվամիջոցների գործադուլը տեղի Է ունենում համազգային գործադուլի շրջանակներում, որն ապրիլի 9-ին կանցկացնեն Հունաստանի մասնավոր եւ պետական հատվածների առաջատար արհմիությունները: