Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որում անդրադարձել է Քեսաբի դեպքերին:

 

Պատգամավորը ելույթի սկզբում նշել է, որ իր պարտքն է համարում հարց առաջ քաշել մի խնդրի շուրջ, որի մասին որևէ մեկը չի խոսում ո’չ լրատվամիջոցներում, ո’չ էլ եվրոպական քաղաքական միջանցքներում: «Քասաբ, կամ ինչպես հայերենում է կոչվում' Քեսաբ դրախտային գյուղաքաղաքը քրիստոնյա հայերի միջերկրածովյան մի անկլավ է, որտեղ նրանք շարունակաբար բնակվում են արդեն առնվազն երկու հազար տարի:

 

Երկու շաբաթ առաջ քաղաքը գրոհվեց և գրավվեց Իսլամական Ճակատի՝ այսինքն «Ջաբհաթ ալ Նուսրայի», «Ահրար ալ-Շամի» և այլ ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Բնակչությունը մազապուրծ եղավ' լքելով բացարձակապես ամեն ինչ' իրենց ունեցվածքը, տներն ու պատմությունը: Շուրջ երեսուն տարեցներ կամ վատառողջ քաղաքացիներ քաոսի մեջ մնացին Քեսաբում, և նրանց ճակատագիրը հիմա անհայտ է, սակայն ոչ անկռահելի: Հավանաբար, սա այն ամենն է, ինչ դուք լսել եք: Հնարավոր է, որ լսել եք նաև, որ Թուրքիան անմասն չէր այս իրադարձություններին: Հենց թուրքական տարածքից էր, որ լավ զինված ահաբեկիչները (կներեք, որ նրանց ձեզ պես չեմ կոչում «ապստամբներ», քանի որ «ապստամբը» տեղական զինյալներ ենթադրող տերմին է) թուրքական զինված ուժերի աջակցությամբ և կրակի ծածկի ներքո' հանգիստ հատելով թուրքական սահմանային ուղեկալները, իրականացրեցին իրենց հարձակումը: Նրանց վիրավորները էվակուացվեցին հետ' թուրքական հոսպիտալներ, և դա արվեց թուրքական շտապօգնության մեքենաներով: Իմ թվարկած այս յուրաքանչյուր փաստի ստուգված և վավերականացված տեսագրությունները կան և համացանցում հասանելի են դարձել հենց իր' «Ահր ար ալ-Շամի» շնորհիվ: Հետևաբար, փաստերն անհերքելի են:

 

Այժմ' անցնենք հիմնական հարցին: Ահաբեկիչներն ահաբեկիչ են' կրոնական ֆանատիկներ' մարդկային կերպարանքով հրեշներ: Սակայն ո՞րն է այստեղ Թուրքիայի դերը: Մեր ամերիկացի գործընկերները մի եզր են ստեղծել, որ հնչում է այսպես .«Ահաբեկչության հովանավոր պետություններ» (“State sponsors of terrorism”). Չե՞ք կարծում, արդյոք, որ այդ բառակապակցությունը հրաշալիորեն համապատասխանում է Թուրքիայի բնույթին»,- նշել է Հովհաննիսյանը:

 

Նա ընդգծել է, որ Թուրքիան մոտենում է խորհրդանշական մի տարեթվի' Հայոց ցեղասպանության հարյուրամյակին՝ հավելելով, որ Քեսաբում ցեղասպանություն տեղի չունեցավ, որովհետև բնակչությանը հաջողվեց մազապուրծ լինել: Պատգամավորը վստահություն է հայտնել, որ Թուրքիան հետապնդում էր այլ նպատակներ ևս, որոնց հասնելու համար դիմել է ահաբեկչական խմբերի օգնությանը և ինքն էլ օգնել է նրանց:

 

Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի' վերջերս արտահոսքի ենթարկված հայտնի նիստի ձայնագրություններին՝ նշելով , որ դրանք ապացուցեցին, որ երկրի անվտանգության ծառայությունները սեփական երկիրը պատերազմի մեջ ներքաշելու համար հարձակում էին ծրագրում Սուլեյման Շահի դամբարանային համալիրի վրա, որ թուրքական փոքրիկ անկլավ է Սիրիայի ներսում: Եվ ինչպես վերոնշյալ պարագայում' այստեղ ևս նրանք պլանավորում էին այդ հարցում դիմել ծայրահեղական ցանցերի աջակցությանը:

 

«Ի՞նչ ենք պատրաստվում անել մենք' եվրոպական արժեքների պաշտպաններս: Պատրաստվու՞մ ենք արդյոք, որևէ կերպ պատասխանատվության ենթարկել մեր անդամ-պետությանը: Պատասխանը պետք է միանշանակ լիներ: Ինչ վերաբերում է Քեսաբին' Քեսաբը կփրկվի: Տեղական հայ կամավորները, այլ քրիստոնյա կամավորների և կանոնավոր զինված ուժերի հետ, կազատագրեն այս հնադարյան քաղաքը: Դա հաստատ է: Մենք' եվրոպացիներս, պետք է դադարենք ձևացնել' իբրև թե ոչինչ էլ երբեք չի պատահել: Ճիշտ այնպես, ինչպես հարյուր տարի առաջ, երբ ֆրանսիացիները թողեցին նույն պատմական Կիլիկիայի հողերն ու հինավուրց քրիստոնյա քաղաքակրթության կրողների' իրենց բնական դաշնակիցների' ճակատագիրը հանձնեցին ներկայիս թուրքերի նախնիների տնօրինությանը: Թե ինչ պատահեց դրանից հետո, հայտնի է բոլորին և պատկանում է պատմությանը»,- ասել է Հովհաննիսյանը:

 

Պատգամավորն ընդգծել է, որ հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել նման քայլերի դատապարտման և կանխման ուղղությամբ' առջևում տեսնելով մեկ բացարձակ նպատակ' ունենալ դարաշրջան, որում մարդկության դեմ ուղղված հանցագործություններ չպետք է իրագործվեն: