Արևմուտքն աչք է փակում Քեսաբում տեղի ունեցող միջազգային հանցագործությունների վրա: Ապրիլի 8-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «Գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում զինյալներին վարժեցնում է և իր օդուժի օգնությամբ ուղարկում Սիրիա, ագրեսիա է դրսևորում Սիրիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ, փորձում է ոչնչացնել նրանց»,- նշեց Բաբուխանյանը:
Բաբուխանյանի խոսքով' միջազգային ահաբեկչությանն աջակցելը, ազգային փոքրամասնությունների վրա հարձակումները միջազգային հանցագործություններ են, սակայն այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի լռության պայմաններում: Պատգամավորն ընդգծեց, որ այս դեպքում էլ գործ ունենք Արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտների հետ: «Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք այդպես բուռն արձագանքեցին Ղրիմի օրինական հանրաքվեին, սակայն այս հանցագործություններին որևէ արձագանք չկա»,- նշեց նա:
Բաբուխանյանն ընդգծեց, որ Թուրքիայի նման պահվածքը զարմանալի չէ, քանի որ այն Ցեղասպանություն իրականացրած երկիր է և ցանկացած պահի կարող է նույնը կրկնել: Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանությունը, շրջափակման մեջ է պահում Հայաստանը և չի դադարեցնում աջակությունն ահաբեկիչներին: «Հիշեցնեմ նաև, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին հայ սպային դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու գործում»,- ասաց Բաբուխանյանը՝ ընդգծելով, որ նման երկրի քայլերը ոչ մեկի համար զարմանալի պետք է չլինեն, և հարկավոր է համարժեք պատասխան տալ Թուրքիայի ագրեսիվ քայլերին: