Ապրիլի 9-ին Վրաստանը նշում է Անկախության վերականգնման եւ 1989 թվականին Թբիլիսիում ԽՍՀՄ-ի պաշտպանության նախարարության զորքերի կողմից բազմահազարանոց հանրահավաքի ցրման զոհերի հիշատակի օրը, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն:
Ապրիլի 9-ը Վրաստանում ոչ աշխատանքային օր է՝ ազգային միասնության, քաղաքացիական համաձայնության եւ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը: Արդեն հաստատված ավանդույթի համաձայն՝ այդ օրը թբիլիսցիներն, ի հիշատակ զոհվածների, ծաղիկներով են ծածկում նախկին խորհրդարանի շենք տանող աստիճանները: Թբիլիսիի բնակիչները հավաքվում են այդ վայրում, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը: Հանրահավաքը ցրելու հետեւանքով զոհվել է քսան մարդ՝ առավելապես կանայք:
1989 թվականի ապրիլի 9-ը կամ, ինչպես այն հետո սկսեցին անվանել՝ «Արյունոտ կիրակին», 25 տարի առաջ բեկումնային դարձավ Վրաստանի համար: Ուղիղ երկու տարի հետո՝ 1991 թվականի ապրիլի 9-ին, ազգային շարժման առաջնորդ Զվիադ Գամսախուրդիան՝ Վրաստանի ապագա նախագահը, հայտարարեց հանրապետության անկախության վերականգնման մասին: