ԱՄՆ կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ֆրենկ Փալոնեն, Ջուդի Չուն, Ջիմ Կոստան, Աննա Էշուն և Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դատապարտել են Սիրիայի պատմական Քեսաբ քաղաքի բնակչության բռնի տեղահանությունները և Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը «Ալ Քաիդային» հարող ահաբեկչական խմբավորումներին: Կոնգրեսականները հայտարարությունն արել են ապրիլի 8-ին Կոնգրեսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արվել ավելացնել տեղահանվածներին ցուցաբերվող օգնությունը և հետաքննություն սկսել՝ պարզելու Թուրքիայի դերը «Ալ Քաիդա»-ի ահաբեկչական գործողություններում։

 

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը շնորհակալություն է հայտնել օրենսդիրներին' շեշտելով. «Հարձակումները տեղի են ունեցել Թուրքիայից' թուրքական բանակի ակնհայտ աջակցությամբ: Մենք պետք է զրոյական հանդուրժողականություն ցուցաբերենք ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր դաշնակցի հանդեպ, ո րը կաշխատի «Ալ Քաիդային» հարող խմբերի հետ կրոնական փոքրամասնությունների վրա հարձակվելու համար: Այդ պատճառով է, որ մենք օժանդակում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետախուզությունների հանձնաժողովներին ուղղված կոչերին' հետաքննելու Թուրքիայի ունեցած դեարակատարությունը Քեսաբի վրա կատարաված հարձակումներում: Մենք արժանի ենք տեղեցակված լինել, երբ մեր դաշնակիցները, հավանաբար, նաև զորքերը, օգտագործվում են Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ»:

 

Կոնգրեսական Շիֆը հայտնել է, որ այդ հարցով զրուցել է անմիջապես նախագահի հետ, հարցեր ուղղել ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերին և Հատկացումների հանձնաժողովին կոչ արել օգնել Սիրիայի քրիստոնյաներին:

 

«Ավելին, կեսօրին ես խնդրելու եմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Ռաջիվ Շահին ներկայացնել Սիրիայում գտնվող քրիստոնյաներին օգնություն հասցնելու մեր ջանքերի մասին»,- նշել է Շիֆը:

 

Կոնգրեսական Շերմանը շիտակ էր իր պահանջում' հետաքննել Թուրքիայի դերակատարությունը Քեսաբի վրա կատարված հարձակումներում:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում բնակիչներ գրեթե չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունն ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքին մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մա հիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով:

 

Թուրքիայի աջակցությամբ սիրիական զինյալների կողմից Քեսաբի գրավումը դատապարտել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, ԱՄՆ պետքարտուղարությունը, աշխարհի տարբեր երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերը: Հայտնի մարդիկ իրենց կոչն են ուղղել միջազգային հանրությանը' ուշադրություն հրավիրելով սարսափելի դեպքերի վրա: