Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը Ռուսաստանի առաջնության «Կռիլյա Սովետովի» դեմ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Այն հարցին, թե ում էր ուղղված իր ժեստը, Մովսիսյանը պատասխանել է.

«Կարծում եմ' իմ խաղով ամեն ինչ ասացի դաշտում: Ձեզ համար լավ կլինի, եթե ասեմ, սակայն չեմ ցանկանում: Ես ամեն ինչ ասել եմ դաշտում: Ոչ, այն ուղղված չէր Ռոմանցևին: Ինչի՞ համար ես պետք է նման բան անեի: Նա «Սպարտակի» լեգենդն է: Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու: Ոչ բոլորին եմ դուր գալիս, և դա խնդիր չէ ինձ համար»,-Մովսիսյանի խոսքը մեջբերում է sports.ru-ն:

Նշենք, որ ավելի վաղ «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Օլեգ Ռոմանցևը հայտարարել էր, որ Մովսիսյանին հրավիրելը «Սպարտակ» սխալ է:

Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին», հաղթական գոլը հեղինակեց Մովսիսյանը:

Տեսանյութը՝ այստեղ