Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովում հաստատված Հայ Եկեղեցու սոցիալական հիմնադրամի կողմից ապրիլի 15-ին 100 հազար ԱՄՆ դոլար է փոխանցվել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաշվեհամարին' ի զորակցություն քեսաբահայության: Այս մասին գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքիվրա հարձակումը սկսվել է մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրա» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, hայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապօգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ անհրաժեշտ պարագաներով և սննդով ապահովել է բնակիչներին:

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում մարտի 24-ին հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ' հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը: Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ մեկնել են Սիրիա'տեղում ծանոթանալու Սիրիայի մեր հայրենակիցների խնդիրներին, քեսաբահայության վիճակին, Քեսաբքաղաքում եւ հարակից բնակավայրերում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: Վերադառնալուց հետո նրանք Ազգային ժողովին են ներկայացրել ստեղծված իրավիճակը: Նրանք եղել են Լաթաքիայում, հան դիպել նաեւ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը կոչ է հղել հայրենաբնակ եւ սփյուռքահայ բոլոր անհատներին եւ կազմակերպություններին բարոյական եւ նյութական աջակցությամբ սատարել ծանր օրեր ապրող քեսաբահայությանը եւ բացել է հաշվեհամար եւ արդեն հավաքված առաջին մասը' 63 060 (վաթսուներեք հազար վաթսուն) ԱՄՆ դոլարը Սիրիայում ՀՀ դեսպանության միջոցով փոխանցվել է Լաթակիայի շտապօգնության մարմնին: Հանգանակության ակցիաներ են իրականացրել նաեւ հասարակական, բարեգործական հայրենակցական կազմակերպություններ: