Լոռու մարզի փաստաբաններս մեր վրդովմունքն ենք հայտնում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2014 թվականի ապրիլի 11-ին տեղի ունեցած աննախադեպ իրադարձության կապակցությամբ:

 

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Համայակ Սահակյանի վերաբերյալ քրեական գործով 2014 թվականի ապրիլի 11-ի դատական նիստի սկզբում դատավոր Սուրեն Բաղդասարյանը մեղադրյալի պաշտպան Արտակ Ոսկանյանին թույլ չի տվել մասնակցել դատավարությանը՝ պատճառաբանելով վերջինիս վարույթից հեռացված լինելը: Երբ պաշտպան Արտակ Ոսկանյանը փորձել է ճշտել, թե երբ, օրենքով սահմանված որ հիմքով է հեռացվել վարույթից և ինչու այդ մասին իրեն տեղյակ չի պահվել, դատավորը հայտնել է, թե բացատրություն տալու պարտականություն չունի և առաջարկել է հեռանալ պաշտպանի համար նախատեսված տեղից ու նստել դահլիճում:

 

Ի պատասխան դատավորի այդ գործողությունների՝ փաստաբան Ա. Ոսկանյանը ներկայացրել է գրավոր դիմում այն մասին, որ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի հոդվածի 2-րդ մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ մասը (քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձի համար երաշխավորվում է իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը), ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 71-րդ հոդվածը, 68-րդ հոդվածի 2-րդ մասը (անձը պաշտպանի իրավավիճակ ձեռք է բերում մեղադրյալի համաձայնությամբ՝ նրա պաշտպանությունն ստանձնելու պահից), տեղյակ է պահել այն մասին, որ մեղադրյալն իր ընտրությամբ հրավիրել է իրեն քրեական գործով հանդես գալու որպես իր պաշտպան, որի հիման վրա նշված քր. գործով ստանձնել է մեղադրյալի պաշտպանությունը և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով ձեռք է բերել վերջինիս պաշտպանի իրավավիճակ: Դիմումին կից ներկայացվել է փաստաբան լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթի՝ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև մեղադրյալի ստորագրությամբ վավերացված փաստաթղթային հաստատումը՝ 11.04.2014թ. գրավոր դիմումը, որով մեղադրյալը գրավոր տեղեկացրել է դատարանին այն մասին, որ քր. գործի քննությանը որպես իր պաշտպան հանդես է գալու փաստաբան Ա. Ոսկանյանը: Միաժամանակ մեղադրյալն այդ մասին ևս մի քանի անգամ հայտարարել է դատական նիստում և պնդել, որ իր շահերը պաշտպանի փաստաբան Ա. Ոսկանյանը:

 

Այսինքն, փաստաբան Արտակ Ոսկանյանի կողմից ներկայացվել են օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը և վերջինս օրենքի ուժով ձեռք է բերել պաշտպանի կարգավիճակ, որի մասին պաշտոնապես տեղյակ է պահել դատարանին: Այդուհանդերձ, թեև փաստաբանը պաշտպանի կարգավիճակ ձեռք է բերում օրենքի ուժով, ոչ թե դատարանի թույլտվությամբ, դատավորը Ա. Ոսկանյանին թույլ չի տվել նրան հանդես գալու որպես պաշտպան և կրկին առաջարկել է հեռանալ պաշտպանի համար նախատեսված տեղից ու նստել դահլիճում: Երբ մեղադրյալը և Ա. Ոսկանյանը կրկին առարկել են դատավորի ապօրինի գործողությունների դեմ՝ մեկ անգամ ևս վկայակոչելով սահմանադրական ու կոնվենցիոն նորմերի պահանջները, դատավոր Սուրեն Բաղդասարյանը դիմել է աննախադեպ քայլի. որոշում է կայացրել Ա. Ոսկանյանի նկատմամբ կիրառել դատական սանկցիա՝ վերջինիս որպես քաղաքացի հեռացնել դատական նիստերի դահլիճից, և կարգադրել է դատական կարգադիչներին ի կատար ածել դատարանի որոշումը, ինչն էլ կատարվել է: Մինչդեռ դատարանը փաստաբանի նկատմամբ նման դատական սանկցիա կիրառելու իրավասություն չունի:

 

Դատավոր Սուրեն Բաղդասարյանը նման գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտել է մեղադրյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իր ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանվելու իրավունքը, այլ նաև խոչընդոտել է փաստաբան Ա. Ոսկանյանին իրականացնելու իր լիազորությունները՝ նրան հարկադիր կարգով հեռացնելով դատական նիստերի դահլիճից:

 

Արտահայտելով մեր խորին վրդովմունքը դատավոր Սուրեն Բաղդասարյանի ապօրինի գործողությունների կապակցությամբ՝ կոչ ենք անում վերացնել թույլ տրված խախտումները և հետայսու ձեռնպահ մնալ փաստաբանների նկատմամբ օրենքով չնախատեսված գործողություններ կատարելուց:

 

Լոռու մարզի փաստաբաններ՝

 

1. Ռուբեն Հակոբյան

2. Էդուարդ Չատինյան

3. Վահան Ավագյան

4. Հասմիկ Ջալալյան

5. Գայանե Հակոբյան

6. Աննա Սարգսյան

7. Սվետլանա Սոլոյան

8. Տաթևիկ Մատինյան

9. Մհեր Դավթյան

10. Կարինե Գասպարյան

11. Արայիկ Ավագյան

12. Վիկտորյա Ալեքսանյան

13. Վարդան Սուղյան

14. Ռաֆիկ Պարոնյան

15. Արտակ Ոսկանյան

16. Լարիսա Դոխոյան

17. Գերասիմ Հարությունյան

18. Արսեն Սերոբյան

19. Շիրվանզադե Վարդանյան

20. Ադելինա Հակոբյան

21. Գուրգեն Հարությունյան

22. Հովսեփ Հովսեփյան

23. Արման Ոսկանյան

24. Արմեն Չիլինգարյան

25. Գագիկ Նալբանդյան

26. Արմենուհի Ջանջուղազյան

27. Մելսիկ Ղարագյոզյան

28. Նոնա Սուքիասյան

29. Սասուն Մխիթարյան

30. Արայիկ Պապիկյան