Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը մի շարք սոցիալական ցանցերի կողմից իր եւ իր ընտանիքի անդամների իրավունքները խախտելու մեղադրանքով դիմել է երկրի Սահմանադրական դատարան' պահանջելով 50 հազար լիրա բարոյական փոխհատուցում: Այս մասինհայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը: Դեռեւս հայտնի չէ, թե դատական հայցում Էրդողանը հատկապես ո ր սոցիալական ցանցերի դեմ է բողոքել:
Անցած դեկտեմբերին թուրքական իշխանությունների' այդ թվում Էրդողանի ընտանիքի անդամների մասնակցությամբ կոռուպցիոն բացահայտումից հետո, որի վերաբերյալ բազմաթիվ փաստեր եւ տեսանյութեր են հրապարակվել սոցիալական ցանցերում, Թուրքիայի վարչապետը բազմիցս հայտարարել է Թուրքիայում սոցիալական ցանցերի արգելափակման հնարավորության մասին: Այդ որոշումը նա մեկնաբանել է' ասելով, որ ինտերնետ-ռեսուրսների օգնությամբ հրապարակվում են պետական գաղտնիքներ, ինչպես նաեւ' տեղի է ունենում միջամտություն անձնական կյանքին:
Թուրքիայի իշխանությունները մարտին երկրի տարածքում արգելափակել են Twitter սոցիալական ցանցը եւ YouTube տեսահոսթինգը: Թուրքիայի Սահմանադրական դատարանը ապրիլի 2-ին վճիռ էր կայացրել, որ Twitter-ի արգելափակումը խախտում է օգտատերերի իրավունքները, ինչից հետո որոշումը չեղարկվել էր, իսկ YouTube-ը Թուրքիայի տարածքում մինչ այժմ արգելափակված է: