Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր միտումներ ունեցող ադրբեջանական «Այնա» եւ «Զերկալո» թերթերի ներկայացուցչության հիմնադիր, հայտնի լրագրող եւ քաղաքագետ Ռաուֆ Միրքադիրովը, ում թուրքական իշխանությունները պատրաստվում են արտաքսել երկրից: Այս մասին «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է Թուրքիայում բնակվող լրագրող Շեյդու Նասիբլին:

 

Վերջինիս խոսքով' որոշ ժամանակ առաջ ադրբեջանական հիշյալ թերթերի ներկայացուցչությունը վերացվել է: Անցած գիշեր Ռաուֆ Միրքադիրովն ընտանիքի հետ ցանկացել է ավտոբուսով հեռանալ Թուրքիայից: Սակայն, մեկնելուց 15 րոպե անց ավտոբուսը կանգնեցվել է, լրագրողի եւ ընտանիքի անդամների նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել:

 

Առանց որեւէ պատճառ նշելու, Ռաուֆ Միրքադիրովին իջեցրել են ավտոբուսից: Ներկայում նա գտնվում է Թուրքիայի անվտանգության տնօրինության միգրացիոն ծառայությունում, որտեղ իրականացվում է նրան Ադրբեջան արտաքսելու գործառույթը: Նշվում է նաեւ, որ Ռաուֆ Միրքադիրովին թույլ չեն տալիս հանդիպել ընտանիքին: