Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր միտումներ ունեցող ադրբեջանական «Այնա» և «Զերկալո» թերթերի ներկայացուցչության հիմնադիր, հայտնի լրագրող և քաղաքագետ Ռաուֆ Միրքադիրովը, ում թուրքական իշխանությունները պատրաստվում են արտաքսել երկրից: Այս մասին «Ենի Մուսավաթին» հայտնել է Թուրքիայում բնակվող լրագրող Շեյդու Նասիբլին:
Վերջինիս խոսքով' որոշ ժամանակ առաջ ադրբեջանական հիշյալ թերթերի ներկայացուցչությունը վերացվել է: Անցած գիշեր Ռաուֆ Միրքադիրովն ընտանիքի հետ ցանկացել է ավտոբուսով հեռանալ Թուրքիայից: Սակայն, մեկնելուց 15 րոպե անց ավտոբուսը կանգնեցվել է, լրագրողի եւ ընտանիքի անդամների նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել: Առանց որևէ պատճառ նշելու, Ռաուֆ Միրքադիրովին իջեցրել են ավտոբուսից: Ներկայումս նա գտնվում է Թուրքիայի անվտանգության տնօրինության միգրացիոն ծառայությունում, որտեղ իրականացվում է նրան Ադրբեջան արտաքսելու գործառույթը: Նշվում է նաև, որ Ռաուֆ Միրքադիրովին թույլ չեն տալիս հանդիպել ընտանիքին: