Նախորդ տարիների օրինակով այս անգամ ևս ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկիմաստ հայտարարություն կանի, որը գուցե չի լինի բացասական, սակայն չի էլ արտահայտի պատմական ճշմարտությունը: «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի գնահատմամբ, թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ սերտ են, եւ բոլոր ոլորտներում էլ նկատվում է ջերմացում: Հենց այդ համատեքստում է վերլուծաբանն առաջարկում ուսումանասիրել Օբամայի ելույթը, նաեւ հասկանալ ԱՄՆ-ի դիրքորոշումը:
Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հարությունյանը հիշեցրեց, որ հենց թուրք-ամերիկյան հարաբերություններն էին պատճառը, որ ՄԱԿ-ում Քեսաբի հարցում քննարկումներ չեղան:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան, Հարությունյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, նշեց, որ դրանք որեւէ կերպ չեն խոչընդոտում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը կամ չեն կարող խանգարել Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին եւ դատապարտող հայտարարություններին: Հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ նա հիշեցրեց Ֆրանսիայի նախագահ Շառլ Դը Գոլի խոսքերը, որ փաստաթղթղերը կանանց եւ ծաղիկների պես շատ շուտ թառամում են: Նրա գնահատմամբ, հայ-թուրքական արձանագրություններն էլ վերոնշյալ փաստաթղթղերի շարքին է պատկանում: «Եթե փաստաթուղթը ոչինչ չի նշանակում, այն չի կարող ազդեցություն ունենալ: Հայ-թուրքական արձանագրություններն արժեք չունեն»,- ասաց Հարությունյանը:
2008թ. Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններ: Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի ազգային մեծ ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ: 2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: