Ստորև ձեզ ենք ներկայացնում Ս. Պողոսյանի «Գոյատևման պայքարի քառուղիներում» գրքից մի փոքրիկ հատված.

 

Այժմ անդրադառնանք փաստերի, որոնք բնութագրական են ցեղասպանության թուրքական վարվելակերպին:

 

Ցեղասպանությունը թուրքերը իրականացրեցին ամենաայլանդակ, ամենավայրագ ու անմարդկային միջոցներով: Երբ ծանոթանում ես կատարվածին, դժվարանում ես հավատալ, որ դրանց հեղինակները մարդիկ են:

 

Ալեքսանդրապոլում ԱՄՆ-ի հյուպատոս Բրյուվենտի վկայությամբ Հալեպի շրջանի մի վայրում (Կութմում) 250 հազար հայի դիակներ թափված էին իրար վրա:

 

«Ժուռնալ դը Ժնևը» 1985 թ. մարտին գրեց. «…Սիրիայի անապատները քշված քարավանները նվազ վայրագ ու բարբարոս չէին, քան նացիստական վարչակարգի մահվան ճամբարներն ու գազախցերը»:

 

ԱՄՆ-ի կոնգրեսմեն Մայքլ Ռոսի կարծիքով «… հայերի ցեղասպանությունը մի ավելի ահռելի բան է, քան հրեաների հետ պատահածը …»:

 

Մի տեղ երկու երիտթուրք սպաներ վիճեցին, թե ինչ սեռի է իրենց առևանգած հղի կնոջ պտուղը: Վեճի առարկա դժբախտ զոհի արգանդը կտրեցին բացեցին: Մի այլ տեղ բռնաբարեցին փոքրահասակ աղջնակին: Ապա հագենալով, չարագործները մորթեցին իրենց զոհին և հարկադրեցին նրա մորը` բռնել ջրամանը և իրենց ձեռքերին ջուր լցնել: Նրանք լվացվեցին (աղջկա) դեռևս չսառած դիակի վրա: Մի երրորդ վայրում փոքր երեխաներին եփեցին կաթսայի մեջ և մահվան սպառնալիքի տակ նրանց ծնողներին հարկադրեցին ուտելու այդ կերակուրները:

 

Ականատեսներից մեկը պատմում է. «Իրար կապված կալանավորները մտրակների հարվածների տակ, շրջապատված սվինամերկ ժանդարմներով և կացիններով, սրերով, երկսայրիներով, գերանդիներով և այլ մահացու գործիքներով իրենց հետևող զինված ջարդարարների ոհմակով, երկու ժամվա տաժանակիր ճանապարհորդությունից հետո հասնում և կանգ են առնում ձորի մեջ գտնվող ջրաղացի մոտ: Ատրճանակի կրակի ազդանշանով Ղասմ բեկը բղավում է. «Ջարդե՛ք այս անհավատներին»: Եվ խուժանը հարձակվելով կապկպված կալանավորների վրա, վայրագորեն հոշոտում է նրան:

 

Զոհերի արյունոտ հագուստները ցցերին անցկացրած ջարդարարները գյուղ վերադարձան և հրեշային ծիծաղով բղավում էին հայուհիներին. «Տեսեք ձեր ամուսինների հիշատակները, ընդունեք ճշմարիտ կրոնը, ձեզ մեր մեջ բաժանենք… փրկվեք մահից»: Խոսքից գործի անցնելով խուժանը հարձակվում է տների վրա, նախ բռնաբարում է անտեր մնացած հայուհիներին, սպանում է կանանց, աղջիկներին, երեխաներին և թալանում է տները:

 

Մարդուց բացի ինչի նմանվող վայրենիները... կատաղած գազանների նման չխնայեցին նույնիսկ տասը տարեկանից փոքր աղջիկներին, պղծեցին նրանց, և իրենց կրքերը գոհացնելուց հետո նրանց մերկ մարմինները բզիկ-բզիկ արեցին... ունելիները տաքացնելով մտցրին կանանց մերկացրած ստինքների մեջ ...»:

 

 

Նյութը` Ք. Ա.–ի